ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Մկոյանը Վրաստանում կրակ է բացել ոստիկանների վրա

Վրաստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է Ախալքալաքում «Միացյալ ազգային շարժման» անդամ Արթուր Մկոյանի կալանավորումը։ Ներքին գործերի նախարարությունը հերքել է ընդդիմադիր կուսակցության կողմից տարածվող տեղեկությունը, թե ակտիվիստի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել, փոխանցում է 1in.am-ը:

 

 

Ըստ Վրաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության, որին կցված է տեսանյութ, երևում է, թե ինչպես է Մկոյանը կրակում ատրճանակից։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին Ախալքալաքի Դավիթ Աղմաշենեբելի փողոցում։ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կրակ է բացել անձնական մեքենա վարող ոստիկանների վրա։ Այնուհետև վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Վրաստանի ոստիկանները շուտով պարզել են տղամարդու ինքնությունը. պարզվել է, որ նա 1985 թվականին ծնված Ա.Մ.-ն է։ Հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով։ Հետաքննության շրջանակներում ոստիկանները խուզարկել են կասկածյալի տունը, որի ընթացքում նա դիմադրություն է ցույց տվել։ Այս առնչությամբ տղամարդը բերման է ենթարկվել վարչական օրենսգրքի 173-րդ հոդվածով՝ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվել համար։

 

«Նաև ցանկանում ենք արձագանքել «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցին՝ կապված նշված փաստի հետ, որտեղ կուսակցության ներկայացուցիչը պատմել է Ախալքալաքում իրենց կուսակցության անդամի տանը կատարված խուզարկության մասին, որը նա անվանում է ահաբեկչություն ընտանիքի նկատմամբ և քաղաքական հետապնդում իր նկատմամբ: Նշված պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Գործի հարուցումը և ոստիկանության կողմից Ա. Մ. բնակության վայրի խուզարկությունը լիովին համապատասխանում են դատավարական օրենսդրությանը», – ասված է Վրաստանի ՆԳՆ տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ շարժման» անդամ Գեորգի Բոտկովելին նախօրեին հարավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Արթուր Մկոյանի հանդեպ «ահաբեկչություն և քաղաքական հետապնդում» է իրականացվում, նրան անօրինական են ձերբակալել։

Քաղաքականություն

Պատահարներ