Փաշինյանը խոսեց Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` ՀՀ տարածքով չեն պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել։ Նա նման հայտարարություն արեց ԱԺ–ում իր ելույթի ժամանակ։

 

«Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է ՀՀ տարածքով միջանցք ունենալու մասին։ ՀՀ տարածքով մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել։ Մենք ընդունում ենք, նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը»,–ասաց Փաշինյանը։

 

Նա հիշեցրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահողը` Ալեքսեյ Օվերչուկը, հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ աշխատանքային խմբի պայմանավորվածություններ են` նոր բացվող ճաբնապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են։

 

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։

Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։

Քաղաքականություն

Պատահարներ