Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել

Երեկ թշնամու կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Նորավան համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը։

 

«Երեկ կեսօրից հետո ասել էին, որ հրադադար է, ինքն էլ մտածել է` արդեն խաղաղ կլինի ու գյուղի վերևի մաս է բարձրացել։ 2 վարկած կա` կամ գնացել է անասունների հետևից, կամ էլ ասում են, թե իմացել է` վերևում վիրավորներ կան, փորձել է օգնության հասնել։ Տղամարդն ԱԹՍ-ի կամ էլ արկի հարվածից է զոհվել»,–ասել է Պապյանը։

 

Նա հայտնեց, որ զոհված տղամարդը 30 տարեկան էր, 4 երեխա ուներ։

 

Պապյանը հայտնեց նաև, որ գիշերը խաղաղ է անցել, այս պահին նույնպես կրակոցներ չկան։

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։

Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։

Քաղաքականություն