Պեսկովը հայտնել է, թե ինչ կքննարկեն Պուտինն ու Ալիևը

Կրեմլում հույս ունեն, որ ՀԱՊԿ-ի խումբը հայ-ադրբեջանական սահման կժամանի այս շաբաթ, այդ թեման կքննարկվի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

 

«Այս շաբաթ, հույս ունենք, որ տեսչական խումբը, այնուամենայնիվ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ կժամանի սահման, որպեսզի հետագայում իր հաշվետվությունը նախապատրաստի ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար: Իսկ վաղը տեղի կունենա Պուտինի շփումը նախագահ Ալիևի հետ, որտեղ, իհարկե, դա նույնպես լինելու է օրակարգի գլխավոր կետը»,-ասել է նա:

 

Նշենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Սամարղանդում (Ուզբեկստան), որտեղ այսօր մեկնարկում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված էր միջոցառմանը որպես հյուր, սակայն Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկել է այցը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովն իր գլխավորած խմբի հետ միասին այսօր երեկոյան կժամանի Երևան։

Քաղաքականություն

Պատահարներ