Շրջափակում ենք կառավարությունը, ԱԺ-ն, դատախազությունը, հայտարարում դասադուլ, գործադուլ. Կարին Տոնոյանը՝ վաղվա ծրագրերի մասին

Մենք առաջարկում ենք վաղվանից շրջափակել բոլոր իշխանական կառավարման օբյեկտները եւ թույլ չտալ, որ նրանք շարունակեն իրենց հայրենակործան գործունեությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ի դիմաց, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 6515 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը:
 

«Վաղվանից հայտարարել դասադուլ և գործադուլ: Կոչով դիմում եմ բոլոր գործատուներին, վաղը աշխատանքի մի թողեք ոչ ոքի, ձեր աշխատավարձը կպահպանվի: Հիմա միասին գնում ենք փրկելու մեր հայրենիքը: Մեզնից է կախված այն հզոր խմորումը, որը կծնի մեզ համար ամենավստահելի առաջնորդներին:
 

Մենք շատ լավ գիտենք, որ այս պառակտումների պատճառն այն է, որ տարիներ շարունակ ժողովրդի մեջ կոտրել են վստահությունը որևէ մեկի նկատմամբ: Մենք պետք է սկսենք այդ խմորումները: Մենք իրավական մեր ուժով գալու ենք և վերցնելու ենք բոլոր պետական շենքերը և դուք մնալու եք խաղից դուրս»,-ասաց նա:
 

Կարին Տոնոյանը կոչ արեց ոստիկաններին մի քանի օրով լքել համազգեստը, կանգնել ժողովրդի կողքին, և երբ կգան իրական հայրենասերներ, իրենք ավելի պատվով կկրեք այդ համազգեստը:
 

«Վաղը 8.30-ին մենք ձեզ սպասում ենք Հանրապետության հրապարակում՝ սկսելու մեր խաղաղ անհնազանդության ակցիաները, շրջափակում ենք կառավարությունը, նախարարությունները, Ազգային ժողովը, դատախազությունը, բոլոր այն կառույցները, որոնք պահում են այս իշխանիկին»,-հայտարարեց Տոնոյանը:

Քաղաքականություն