ՀՀ դպրոցներից 4-ում դասավանդվում է ադրբեջաներեն, 9-ում՝ թուրքերեն

2022 թ–ի սեպտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանի 23 դպրոցներում մեկնարկել է տարածաշրջանային լեզուների ուսուցման գործընթացը։ Տեղեկությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ 


Ներկայացված տվյալների համաձայն` 23 դպրոցներից 7-ում դասավանդվում է պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 9-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն: 
Նախարարությունից նաև հայտնում են, որ տվյալ 23 դպրոցներում այդ լեզուները դասավանդվում են կա՛մ խմբակի ձևաչափով, կա՛մ 3-րդ օտար լեզվի, կա՛մ երկու ձևաչափերով միաժամանակ: 


Խնդիրն այն է, որ դասավանդման ձևից կախված` տարբեր են նաև դասավանդողի մասնագիտական որակների նկատմամբ պահանջները. խմբակի դեպքում անհրաժեշտ է, որ դասավանդողն ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն, իսկ 3-րդ օտար լեզվի ուսուցման դեպքում գործում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին ներկայացվող` «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված պահանջները (մանկավարժական որակավորում, աշխատանքային ստաժ, վերապատրաստում, ատեստավորում և այլն)։ 

Հարցին, թե որքանով է Հայաստանն ապահովված անհրաժեշտ մասնագետներով, նախարարությունից հայտնեցին, որ բազմաթիվ նամակներ ու զանգեր են ստանում մասնագետներից, որոնք ծրագրի շրջանակում տարածաշրջանային լեզու դասավանդելու ցանկություն են հայտնում: Նրանց տրամադրվում է տարածաշրջանային լեզուներով ուսուցում իրականացնելու պատրաստակամություն հայտնած հաստատությունների ցանկը: Իսկ նման հաստատությունների թիվը 400 է։ 

 

Քաղաքականություն