Քանի քաղաքացիական օբյեկտ և ենթակառուցվածք է տուժել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով. ԱԻ նախարարը մանրամասնում է

Կառավարության նիստի ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը խոսեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների թվի մասին:

 

«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա է երկու արկ ընկել, վնասվել են Ջերմուկի ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և անձնական օգտագործման մեքենաներ ու այլ գույքեր: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանում: Ադրբեջանի ռմբակոծության հետևանքով վնասվել են շտապօգնության մեքենաներ: Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, հեկտարներով ցորենի և գարու արտեր: Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մի շարք մասնավոր մեքենաներ»,-ասաց Փամբուխչյանը:

 

Վարչապետն ասաց, որ բոլոր վնասները մանրամասն կգույքագրվեն, որի նպատակն է Կառավարության կողմից միջոցների տրամադրումը լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

 

«Կարևոր է նաև փաստագրել այս և այլ հանգամանքները իրավական առումով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ընդծեց, որ Ադրբեջանի ագրեսոր ուժերի կողմից արձանագրվել են ռազմական հանցագործությունների դեպքեր, և այդ դեպքերը մանրամասն պետք է փաստագրվեն և հետագայում դրանց ընթացք տրվի միջազգային իրավական գործընթացների շրջանակներում:

Քաղաքականություն