Սոթքի վարչական ղեկավարը` համայնքի կրած վնասների մասին

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում ադրբեջանական հրետակոծության արդյունքում 3 քաղաքացիական անձ է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը` հավելելով, որ նրանք վիրավորվել են տարհանման ժամանակ։

 

Նա հավելեց նաև, որ իրենց համայնքում զոհեր, բարեբախտաբար, չկան։

 

«Գյուղում մոտ 1000 բնակիչ կա։ Այս պահին կանայք և երեխաները դրսում են։ Տղամարդիկ գալիս են, իրենց կովերին կերակրում են ու էլի գնում են»,– ասաց համայնքապետը։

 

Սևակ Խաչատրյանը դժվարացավ պատասխանել , թե որքան է տուժել համայնքը, ասաց` վնասի չափը դեռ ճշտվում է։ Նա նաեւ վստահեցրեց, որ վերջին երկու օրերին, ոչ մի կրակոց Սոթքում չի հնչել։

Քաղաքականություն

Պատահարներ