«Թե որ երկրի կամ ում շահերն են սպասարկում, կդատեք ինքներդ». Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օտարածին տարրերը սկսել են տեղեկատվական դիվերսիա։ Նրանք այլ երկրի շահերը սպասարկող գործակալներ են, որոնք ձևավորել են հակաիշխանական ալիք ու պահանջում են վարչապետի հրաժարականը։ 

 

«Ստացվում է, որ հանրությանը փողոց դուրս գալու կոչեր անողները պայքարում էին վարչապետի հայտարարությունների դեմ։ Փորձում են խոչընդոտել իշխանության՝ ՀՀ սուվերեն տարածքը պահպանելու, միջանցք չտալու և 29,800 կմ քառակուսի տարածքով Հայաստանում տևական խաղաղություն և անվտանգություն հաստատելու որոշմանը»,– գրել է Չախոյանը։

 

Նա պնդում է, որ տեղեկատվական դիվերսիան իրագործողները սպասարկում են մի երկրի շահ, որը ցանկանում է կրճատել ՀՀ սուվերեն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքն ու միջանցք տրամադրել Ադրբեջանին, միգուցե նաև վերահսկողություն սահմանելով այդ միջանցքի վրա։

 

«Թե որ երկրի կամ ում շահերն են սպասարկում ընդդիմադիրի կեցվածքով ներկայացող Հայաստանում և դրանից դուրս գործող գործակալական ցանցի անդամները, կդատեք ինքներդ»,–ֆեյսբության իր էջում գրել է Չախոյանը։

 

Վերջինս ևս մեկ անգամ հիշեցրել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի Հայաստանի տարածքով միջանցք չի տրվելու, ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Քաղաքականություն