Անհայտ անձինք ալավերդցիներից հարցուփորձ են արել Ադրբեջանի գտնվելու վայրը, փորձել երեխաներից մեկին նստեցնել իրենց մեքենա․ ահազանգի հետքերով

Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ երեկ ուշ երեկոյան ալավերդցիներին տարօրինակ հագուստներով մարդիկ են մոտեցել և սկսել  վատ հայերենով ու ռուսերենով հարցուփորձ անել այն մասին, թե ինչ հեռավորության վրա է գտնվում Ադրբեջանը։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է օգտատեր Հրաչյա Պապինյանը։ 

 

Ներկայացնում ենք Հրաչյա Պապինյանի գրառումը․ 

 

«էսօր ամբողջ օրը Ալավերդցիները խոսում են, որ երեկ ուշ ժամի ոչ տեղական հագ ու կապով ու արտաքինով մարդիկ են երևացել վատ հայերենով ու ռուսերենով հարցեր տվել մարդկանց, թե ինչքան է հեռու Ադրբեջանը և այլն, ապա անհետացել։ Իբր մեկ այլ թաղամասում մի երեխայի կոնֆետ ու փող են առաջարկել, որ նստի իրենց մեքենան և իբր երեխան փախել է։ Գիշերը տղամարդիկ փնտրել են օտարսկանին, չեն գտել։ Պաշտոնական բան չկա, ասեկոսեներ ե՞ն, մարդկանց ուշադրությունը շեղելու, թե իրականությունա։ Եթե որևէ մեկը այլ բան գիտի նամակով գրեք, գաղտնիությունը երաշխավորում եմ»։

 

Պապինյանի գրառման մեկնաբանությունում օգտատեր Վարուժան Վարդումնյանն էլ գրել է․ 

 

«1,5 ժամ առաջ մեր շենքի երեխեքից մեկը վազելով շնչակտուր, վախեցած եկավ։ Քարի գլխի կանգառում ինչ-որ մեկը հարցեր էր տվել,երեխեն ուզեցել էր գնա, ձեռիցը փորձել էր բռնել։ Փախել էր, ասավ, որ հետևից վազել էր, քիչ հետո մեքեան նստել ու իջել էր ներքև։ Մենք իջանք կանգառ, բայց մարդ չկար։ Ասավ տարիքով,սպիտակ մազերով մարդ էր ու նման չէր հայի։ Մեքենան  24 էր սպիտակ, իսկ համարներից էս էր հիշել միայն․․․34 RV․․․․»։ 

 

 

Նմանատիպ տեղեկություններ են տարածվել նաև Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։ Ըստ տարածվող հրապարակման`  գյուղում 2 տարօրինակ կնոջ են նկատել, որոնք այցելել են մարդկանց բնակարաններ և հարցուփորձ են կատարել, որից հետո նկատել են, որ կայանք նկարել են բնակավայրերը  և վերցրել տարբեր քաղաքացիների հեռախոսահամարներ։ 

 

Ներկայացնում են տարածվող տեղեկատվության սքրինշոթը։ 

 

 

Auroranews-ը խնդրի վերաբերյալ կապ հաստատեց ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարան՝ հասկանալու, թե ի՞նչ տեղեկություններ կան այն անձանց մասին, ովքեր ալավերդցիներին կասկածելի են թվացել։ 

 

Համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Վարոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դրանք ասեկոսեներ են, խոսակցություններ և չկա հստակ որևէ բան։ 

 

«Ոստիկանությունը, ուժային կառուցները համապատասխան աշխատանքներ են կատարում, բայց դեռ հստակ պաշտոնական տեղեկություն չկա»,-նշեց համայնքի ղեկավարի տեղակալը։ 

 

Վարոսյանը հայտնեց, որ քաղաքացին  խնդրի վերաբերյալ ահազանգել է ոստիկանություն և պատմել կատարվածը, իսկ ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան աշխատանքներ։ 

 

Մեր հարցին՝ ծանո՞թ են այն ահազանգերին, ըստ որոնց՝ անծանոթները նաև երեխայի են մոտեցել, կոնֆետ ու փող առաջարկել, որ նստի իրենց մեքենան,  Վարոսյանն ասաց․ «Գրառում կատարող մարդն ասել է, որ երեխայի պատմածով է ներկայացրել։ Ժողովուրդը խառնվել է իրար, մի անծանոթ մարդ են տեսնում՝  կասկածում են։ Մեր համայնքը տուրիստական համայնք է,  այստեղ շատ տարբեր արտաքինով մարդիկ են գալիս։ Չկա ինչ-որ մեկը, ով կկարողանա հստակ մեկի արտաքինը պատկերել կամ հստակ խոսակցություն պատմել։ Միգուցե եղել է ինչ-որ բան, բայց հիմա ուժային կառույցները հետաքրքրվում են  և հնարավոր է, որ իրենք որևէ եզրահանգման գան»։ 

 

 

Auroranews-ը կապ հաստատեց նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ տեղեկություններ կան վերը նշվածի առնչությամբ, որտեղից մեզ հայտնեցին, որ հրապարակումներին ծանոթ են և մեկնաբանություն չունեն։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ