Ճանապարհների ապաշրջափակումը պայմաններ կստեղծի 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների համար․ Օվերչուկ

Ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից 4,5-5 մլրդ դոլարի ներդրումների ներհոսքի համար։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: 

 

Նշվում է, որ նման հայտարարությամբ Օվերչուկը հանդես է եկել Երևանում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում:
 

«Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր երկրների առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և նոր ներդրումների ներհոսքի համար։ Մենք պատկերացնում ենք, թե ինչ նախագծեր կարող են լինել, վաղուց քննարկում ենք դրանք մեր բիզնեսի հետ», - ասել է Օվերչուկը։
 

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար արտաքին առևտրային գործընկերը, 2022 թվականի հունվար-հուլիսին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ դոլար՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով գրեթե 50 տոկոսով: Ռուսաստանից Հայաստան արտահանումը կազմել է 1,4 մլրդ դոլար և աճել է 40,5 տոկոսով, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը՝ մոտ 600 մլն դոլար (աճել է 66,3 տոկոսով)։
 

«Կուտակված ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի գրեթե 40%-ը, դա մոտ 2 մլրդ դոլար է: Հայաստանում աշխատում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ։ Դրանց մի մասն այստեղ խոշորագույն հարկատուներ են։ Դա և՛ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, և՛ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, և՛ «ՄՏՍ Արմենիան», և՛ «Ռուսական երկաթուղիներ», «Ռոսատոմ» ՓԲԸ-ն», - նշել է Օվերչուկը։

Քաղաքականություն

Պատահարներ