Գոռ Գևորգյանը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ. նա երկու երեխա ունի

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ զոհվել է պայմանագրային զինծառայող 34-ամյա Գոռ Գեւորգյանը: NEWS.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանն ասել է, որ հոկտեմբերի 8-ին կլրանար Գոռի 35-ամյակը:

Գոռն ամուսնացած էր, ունի երկու երեխա, եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է, իսկ հայրը` ԵԿՄ անդամ է:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

 

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

 

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։

Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Քաղաքականություն

Պատահարներ