ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սխալ» և «Չափազանցված». ռուսական Առաջին ալիքի եթերում կասկածի տակ են դրել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը

Ռուսաստանի պետական Առաջին ալիքի Время покажет («Վրեմյա պոկաժետ») քաղաքական թոքշոուի սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցին, հաղորդավարը և հյուրերը պնդել են, որ հայ-ադրբեջանական ռազմական բախումները տեղի են ունեցել ոչ թե Հայաստանում, այլ Լեռնային Ղարաբաղում, գրում է Fip. am-ը:  
 

Հաղորդման ընթացքում տեղադրվել է Փելոսիի՝ ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածը, որտեղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան քննադատում է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ այն անվանելով «մահաբեր» և «անօրինական»։ 
 

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի դեմ Ադրբեջանի մահացու հարվածները և հարձակումները ԱՄՆ Կոնգրեսի անունից։ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց նշել է, որ ռազմական լուծում հակամարտությունը չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, և մենք ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,— ասել էր Փելոսին։ 
 

Հեռուստահաղորդավար Անատոլի Կուզիչևը հաղորդման ընթացքում ուշադրություն է հրավիրում Փելոսիի վերոհիշյալ գնահատականների վրա և պնդում, որ դրանք «սխալ» և «չափազանցված են»։ 
 

«Ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը հետևյալի վրա․ նա ասել է․ «Ադրբեջանի հարձակումը «մահաբեր» և «անօրինական» հարձակում է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»։ Ես կարծում եմ, որ սա ֆորմալ առումով ճիշտ չէ, ինչպես ես եմ հասկանում, խոսքը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի վիճելի տարածքի մասին է, այդպես չէ՞, Վլա՛դ»,- ասել է հաղորդավարը՝ դիմելով ու խոսքը փոխանցելով թոքշուի հյուրերից ռազմական փորձագետ ներկայացող Վլադիսլավ Շուրիգինին։ 
 

Վերջինս, իր հերթին, նույնպես կրկնել է, որ հայ-ադրբեջանական ուժերի վերջին բախումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում․ «Ակնհայտ է, որ բախումը, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքում, դեռ երկար պետք է ուսումնասիրվի՝ ով և ինչու է առաջինը հարձակվել»։ 
 

Մի քանի րոպե անց Անատոլի Կուզիչևը կրկնել է սխալը՝ նշելով, որ ՀԱՊԿ մոնիթորինգային շտաբը մեկնել է Արցախ: 
 

Ավելի ուշ, հյուրերից մեկը՝ Դմիտրի Աբզալովը, ուղղել է հաղորդավարի և հյուրերի սխալը՝ նշելով, որ բախումները տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, այլ ոչ թե Արցախում: 
 

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
 

Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:  

Քաղաքականություն

Պատահարներ