Առաջինը հարվածել են ճոպանուղուն. Ջերմուկի ճոպանուղու տնօրենը՝ թշնամու հարձակման մասին

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի վրա ադրբեջանական ուժերի առաջին հարվածը եղել է ճոպանուղուն: Դրանից հետո միայն հարվածել են զորամասին, զորամասի պահեստներին և քաղաքի մերձակա բոլոր տարածքներին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Ջերմուկի համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը:

 

«Գիշերը ժամը 12-ին փակել ենք ճոպանուղին, հենց շարժվել ենք, առաջին հարվածը եղել է: Աշխատողը մի կերպ փրկվել է: Իրեն ճանապարհել եմ, ես մնացել: Կոնկրետ ճոպանուղին հրետակոծվել է մեծ տրամաչափի ականանետերով: Ճոպանուղուն հաստատ թիրախային են հարվածել: Երևի մտածել են, որ սա ստրատեգիական, վտանգավոր կառույց է, որովհետև ճոպանուղու գագաթից երևում է այն տարածքը, որտեղ իրենք ներխուժել են այս պահին»,–ասել է նա։

 

Նա նշել է, որ Ջերմուկում թշնամին օգտագործել է գրադ, ականանետ, ԱԹՍ-ներ։

 

Թադևոսյանի խոսքով` առայժմ ոչ մեկին թույլ չեն տալիս բարձրանալ վերև, որովհետև չպայթած ականներ կան:

 

Նա կոնկրետ չի կարողացել նշել, թե ինչքան վնաս է պատճառվել ճոպանուղուն:

 

«Առաջին ենթակայանը վնասված է: Եթե վերևում տրոսին և հենասյուներին վնաս հասած եղավ, ապա նվազագույնը մոտ 200 հազար դոլարի վնաս եղած կլինի: Ներքևի վնասները մոտ 50 հազար դոլարի կարգի են: Տա Աստված ամեն ինչ հանդարտվի, մենք էլի գործելու ենք»,-ասել է նա։

 

Հիշեցնենք, որ ճոպանուղին կառուցվել է 2007 թվականին, բացումն արվել է 2008-ի հունվարի 1-ին։ Այստեղ տարեկան միջինը այցելում էր 25-35 հազար մարդ։

Քաղաքականություն