«Որևէ կուսակցականացում չկա, եթե լինի, իմը կստեղծեմ». Թաթոյան

 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր նշեց, որ ՀՀ ազգային ժողովի շենքի մոտ ինքնաբուխ հավաքին մասնակցել է որպես ՀՀ քաղաքացի և ոչ որպես որևէ կուսակցական շարժման մաս։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ։

 

 «Դա ինքնաբուխ հավաք էր, ես մասնակցել եմ որպես հավաքի մասնակից։ Ելույթ եմ ունեցել, որպես ՀՀ քաղաքացի ասել եմ իմ մտահոգությունները, որտեղ ոչ մի նոր բան չկար, իմ ասածները նորություն չէին։ Կուսակցական շարժում չէր, ես նման գործընթացների մեջ չեմ եղել, չկամ։ Միշտ ասել եմ, եթե նպատակահարմար գտնեմ, որ ճիշտ ձևը դա է, ապա կհայտարարեմ դրա մասին»,– նշեց Թաթոյանը։ Թաթոյանը նոր հիմնադրամ է ստեղծել. մանրամասնել է` ինչ գործունեություն է նախաձեռնել:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ որոշել էին բողոքի ակցիայի դուրս գալ այն բանից հետո, երբ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, բայց իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։ Քաղաքացիները պահանջում էին լուծել հայրենիքի ազատագրման հարցը և Նիկոլ Փաշինյանին ու ներկայիս իշխանություններին կոչ էին անում հրաժարական տալ։ Նրանք ընդդիմադիր պատգամավորներին հորդորում էին վարչապետին անվստահություն հայտնել և ստորագրահավաք սկսել։ Հավաքվեց 35 ձայն, անհրաժեշտ էր ՔՊ–ական պատգամավորների ևս 18 ձայն, որն այդպես էլ չհավաքվեց։

Քաղաքականություն

Պատահարներ