«Սելֆի»՝ թագուհու ​​հուղարկավորության ժամանակ. ո՞վ է հայտնի ծաղրանկարում

  Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը բուռն քննադատության թիրախում է հայտնվել և մեղադրվել ոչ հարգալից վերաբերմունքի համար այն բանից հետո, երբ կնոջ հետ սելֆի է արել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի պետական հուղարկավորությունից րոպեներ առաջ:

Ինչպես գրում է mirror.co.uk-ը, Էբրարդը լուսանկարը, որում ինքն ու կինը «ժպտում են», հրապարակել է թվիթերյան միկրոբլոգում: Նա նկարը մակագրել է. «Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի պետական հուղարկավորության ժամանակ»:

Սոցցանցերի շատ օգտատերեր շտապել են քննադատել քաղաքական գործչին: Նրանցից մեկը գրել է. «Ես անհարգալից եմ համարում թաղման ժամանակ սելֆի անելը»:

Արդյունքում ԱԳ նախարարն այժմ բախվում է հակազդեցության և բացասական մեկնաբանությունների տարափին:

Էբրարդը մեկն էր այն 2000 քաղաքական գործիչներից և հայտնի դեմքերից ամբողջ աշխարհից, որոնք իրենց հարգանքի տուրքն են մատուցել Եղիսաբեթ II թագուհու հիշատակին Վինձորի Սուրբ Գեորգի մատուռում:

 

Հիշեցնենք, որ  Ֆրանսիական աշխարհահռչակ Charlie Hebdo սկանդալային ամսագրի նոր շապիկին թագուհու հուղարկավորությանը նվիրված ծաղրանկար էր: Հայ հասարակության  ուշադրությունը գրավել է ծաղրանկարում պատկերված տղամարդը, որը սելֆի է անում թագուհու դագաղի ֆոնին: Կարծիք էր ձևավորվել, թե պատկերվածը Հայաստանի նախագահն է, ով քննարկման առարկա էր դարձել բրիտանական ու միջազգային հեղինակավոր այլ պարբերականների կողմից: Այն ինչ, ըստ ամենայնի, ծաղրանկարում Մեքսիկայի ԱԳ նախարարն է` իր սկանդալային ինքնանկարով:

Քաղաքականություն

Պատահարներ