Սուրճի գովազդ իրականացնողներն են Մարտունիում խուճապ առաջացրել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում դիվերսանտներ չկան, սուրճի գովազդ իրականացնող կանայք են։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության Մարտունու բաժնի պետ, գնդապետ Ստեփան Հակոբյանը։

Նա տեղեկացրեց, որ երեկ բնակիչներից ոստիկանություն ահազանգեր են եղել, թե համայնքում ադրբեջանցի դիվերսանտներ կան, որոնողական աշխատանքների ընթացքում բաժին է բերվել գավառցի երկու կին։
 

«Այդ կանայք «Ռոյալ Արմենիա» սուրճի հետ կապված հարցումներ են իրականացրել մարդկանց տներում»,- ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ զարմանալի է, որ այդ տեղեկատվությունը լույսի արագությամբ տարածվել է, քառասուն ահազանգ են իրենք ստացել քաղաքացիներից և շատ արագ գտել են «կասկածելի կանանց»։

 

«Այդ կանանց հետ կազմել ենք զրույցի տեղեկանք, թե ինչ գործունեություն են ծավալել, ինչու են մտել քաղաքացիների բնակարաններ։ Իրենք էլ ասել են, որ ընդամենը «Ռոյալ» սուրճի գովազդով են զբաղվում»,- ներկայացրել է Ստեփան Հակոբյանը։

 

Նշենք, որ երեկ գիշեր սոցցանցերում ակտիվ քննարկվում էր Մարտունիում ադրբեջանցի դիվերսանտների լինելու հարցը։ Մարդիկ գրում էին, որ իրենց տուն կասկածելի մարդիկ են գալիս, իբր, հարցումներ անելու համար, բայց իրենք վստահ են, որ նրանք թշնամի պետության ներկայացուցիչներ են։ «Պետք է զգուշանալ»,- համատարած գրում էին մարտունեցիները։

Քաղաքականություն

Պատահարներ