Լեմկինի ինստիտուտի հրապարակած կարմիր դրոշը հերթական ցեղասպանության ահազանգ է․ Սերժ Թանկյան

Երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հրապարակմանը: Ինստիտուտը պաշտոնական կայքէջում հրապարակում է արել՝ կարմիր դրոշով մատնանշելով Ադրբեջանի կողմից ցեղասպանության մտադրությունը:

 

«Լեմկինի ինստիտուտը հրապարակել է Կարմիր դրոշի մասին ահազանգ՝ ընդգծելու Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում ցեղասպանության մտադրությունը: Եթե միջազգային հանրության տարբեր դերակատարները չկարողանան օպերատիվ կերպով անդրադառնալ այս հարցին, մենք ականատես կլինենք հայ ժողովրդի հերթական ցեղասպանությանը»,- գրել է նա:

 

«Լեմկինի ինստիտուտը ցանկանում է ուշադրություն հրավիրել օգոստոսի 15-ին հրապարակված մեր վերջին Կարմիր դրոշի մասին ահազանգին, որում մենք կոչ ենք արել «բոլոր միջազգային և պետական մարմիններին վերահսկել Թուրքիային և Ադրբեջանին ցեղասպան գաղափարախոսության և գործելակերպի համար, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա։ դադարեցնել հայ ժողովրդի դեմ ուղղված իրենց ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդել հայերի և հայ ինքնության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և ողջ աշխարհի սփյուռքի համայնքներում»:

Միջազգային մարմիններն ու պետությունները չեն կարող շարունակել անտեսել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եթե նրա գործողությունները մնան անտեսված և անպատիժ, ինչպես եղել են մինչ այժմ, աշխարհը շուտով ականատես կլինի հայերի նկատմամբ բռնությունների աճին և հերթական ցեղասպանությանը,- նշվում է Լեմկինի ինստիտուտի հրապարակման մեջ:

 

Քաղաքականություն