ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ. Բորել
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ: Միության դիվանագիտական առաքելության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ դրա պատճառը Ռուսաստանի կողմից օկուպացրած տարածքներում հանրաքվեներն են։
ԵՄ երկրները ցանկանում են նոր պատժամիջոցները սահմանել «որքան հնարավոր է շուտ», ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Բացի այդ, Բորելը նշել է, որ Բրյուսելը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին։
Նա նաև նշել է, որ նոր պատժամիջոցները կլինեն և՛ անձնական, և՛ ոլորտային։ Առայժմ ԵՄ-ն հստակ չի պատկերացնում, թե ինչ նոր սահմանափակումներ են կիրառվելու Ռուսաստանի նկատմամբ, քանի որ միայն քաղաքական որոշում է կայացվել։ Սակայն ավելի վաղ Խերսոնի մարզում ընտրական հանձնաժողովի նախագահն ընդգծել էր, որ հանրաքվեներն անցկացվում են միջազգային բոլոր դրույթներին համապատասխան։
Նախկինում եվրոպացի քաղաքական գործիչներն արդեն դեմ են արտահայտվել պատժամիջոցներին, օրինակ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ Եվրոպան կրակում է իր ոտքին», և արդյունքում՝ ձմռանը ամբողջ եվրոպական արդյունաբերության մինչև 40%-ը կարող է կանգ առնել: