Եռաբլուրից բերման ենթարկված 5 կին ստացել է մարմնական վնասվածքներ

 ՀՀ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկված ծնողներից հինգը`բոլորը մայրեր, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տեղեկությունը հայտնում է նրանց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

 

«ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին»,-նշել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծնողներից 2 մայր են վնասվածքներ ստացել։

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20–ի երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Սեպտեմբերի 21–ին, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։

Եռաբլուրից ոստիկանություն է տարվել 37 անձ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածի հիմքով` ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողներն ազատ են արձակվել։

 

Հավելենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունները։

Քաղաքականություն

Պատահարներ