Ղրղզստանը Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ է նախաձեռնել

Բիշքեկը նախաձեռնում է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ, գրում է economist.kg-ն` հղում տալով Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովին:

«Մասնակից պետությունների միջև ծագած հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եթե որևէ մեկը փորձի ուժ կիրառել, մենք առաջարկում ենք նրան հեռացնել կազմակերպությունից։ Ինչո՞ւ է դա պետք, երբ դառնում ես ՀԱՊԿ անդամ և ակնկալում պաշտպանություն արտաքին սպառնալիքից, բայց կազմակերպության ներսում կոնֆլիկտ ես ստանում երկրի հետ։ Ժամանակն է, որ մեր երկրները վերանայեն կանոնադրության որոշ հատվածներ, որոնք նախատեսում են նման պահեր»,- ասել է Իմանկուլով:

Միաժամանակ, Իմանկուլովն ընդգծել է, որ Տաջիկստանին համարում է բարեկամ երկիր:

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի 14-ին։ Ղրղզական կողմի տվյալներով՝ չորեքշաբթի օրը տաջիկ սահմանապահները մտել են Ղրղզստանի Բատկեն շրջանի Բուլակ-Բաշի շրջանի սահմանային գոտի և «գրավել մարտական դիրքեր»։ Տաջիկական կողմի վարկածով՝ իրադրությունը սահմանին սրվել է այն բանից հետո, երբ ղրղզ սահմանապահները ականանետերից կրակ են բացել տաջիկական ուղեկալի ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ