Օրվա լրահոս

Սուրմալու» տոնավաճառում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից մեկ ամսից ավելի է անցել, սակայն շուկան շարունակում էր աշխատել` չնայած տարածքում առկա փլուզման վտանգին. սեպտեմբերի 21-ին վնասված շինությունը մասնակի փլուզվեց, երեք տուժած տեղափոխվեց հիվանդանոց: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում շուկայի աշխատակից  Համիկ Ավագյանն ասաց, որ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած փլուզման արդյունքում տուժել է իր մեքենան, որը սակայն, թույլատրված վայրում էր կայանված:

 

«Մեզ ոչ ոք չի զգուշացրել, որ շենքը կարող է նորից փլուզվել»,-ասաց նա՝ հավելելով, որ շենքը պետք է օր առաջ ապամոնտաժվի:

 

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը «Արմենպրես»-ին ասաց, որ «Սուրմալու»-ում երկրորդ փլուզումը կանխատեսելի էր, քանի որ  դա արդեն վտանգ ներկայացնող կիսաքանդ կառույց էր, որը պետք է սահմանազատված լիներ, մարդկանց  և տեխնիկայի մուտքն ու ելքը փակված լիներ:

Նա նշեց, որ օգոստոսի 14-ից 24-ը ներառյալ որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո, ԱԻՆ-ը ևս 2-3 օր հերթապահություն իրականացրեց. դրանով իսկ ավարտվեցին ԱԻՆ-ի գործառույթները:

 

«Եթե ինֆորմացիա ունենայինք վտանգի մասին, իրազեկման աշխատանքներ, բնականաբար, կիրականացնեինք: Կիսաքանդ շենքի վտանգները վերացնելու խնդիրը արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների մեջ չի մտնում: Քննչական գործողությունները ավարտելուց հետո շենքը համապատասխան ծառայություններին պետք է հանձնվեր: Մենք արձագանքման գործընթացներ ենք իրականացնում»,-հավելեց Սարոյանը:

Նա նշեց, որ  տարածքի մաքրման, ապամոնտաժման աշխատանքների հետ կապված արտակարգ իրավիճակների նախարարությունը գործառույթներ չի իրականացնում:

Վերջին նորություններ