«Միջազգային փրկիչների մասին մեր պատրանքները ամենավնասակար մտածելակերպն է». Մնացականյան

 ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, «EVN Report»-ում հրապարակված իր  հոդվածում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերջին սրացմանը, նշել է, որ Ադրբեջանի ցամաքային զորքերը մտել են Հայաստանի տարածք՝ վերահսկիչ դիրքեր հաստատելու նպատակով։

 

«Մեր՝ հայերիս մեջ, հետևողականորեն շարունակվում են պատրանքները մեր ազգի միջազգային փրկիչների մասին, ինչը եղել է ամենավնասակար մտածելակերպը, որը մենք կարող էինք որդեգրել մեր պատմության մեծ մասի ընթացքում և հատկապես ինքնիշխանության վերականգնումից հետո: Հրամայական է վերջնականապես ընդունել և հավատարիմ մնալ որոշակի հիմունքների»,- գրել է Մնացականյանը՝ շեշտելով, որ աշխարհն արդար չէ, և շատ հաճախ արդար չէ մեր նկատմամբ։

 

Նրա խոսքով՝ միջազգային ներգրավվածությունը ինքնիշխան գործիքակազմի ամենակարևոր գործիքներից է՝ ազգային կայուն անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ միջավայր և պայմաններ ստեղծելու համար.

«Արդյունավետ գործող պետությունը և նրա ինստիտուտները, օրենքի գերակայության արդար և հզոր կիրառումը ժողովրդավարական համակարգում, էական ենթակառուցվածքների զարգացումը և որակյալ կրթությունն այն չորս հիմնասյուներն են, որոնց վրա մենք կարող ենք հաջողությամբ շարունակել կառուցել մեր ազգային անվտանգությունը և ազգային զարգացումը։ Արտաքին քաղաքականությունը սկսվում է տնից։ Իսկ արտաքին քաղաքականությունն ամրապնդում է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ»։

 

ԼՂ երկրորդ պատերազմից հետո ձևավորված նոր իրողությունը հիմնարար նախադրյալ է ռազմավարական երկարաժամկետ քաղաքականության տարբերակները գնահատելու համար:

 

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն, առաջին հերթին, սահմանում է հրադադարի ռեժիմ՝ կիրառելով շատ կոնկրետ մեխանիզմ՝ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայում: Սա ինքնին նշանակալից է, քանի որ առկա պայմաններում խաղաղապահ առաքելությունը մնում է Արցախի դեմ նոր գրոհը զսպող միակ միջոցը։ Այն նաև կարևոր տարածք է ապահովում կողմերին հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացում կրկին ներգրավելու համար»:

Արտաքին քաղաքականություն մշակողներին ԱԳ նախկին ղեկավարը խորհուրդ է տվել ընդլայնել ինչպես միջազգային փաստացի ներկայությունը տեղում, այնպես էլ՝  միջազգային հանրության «աչքերի ու ականջների շրջանակը»:

«Զանգվածային վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակավայրերին։ Կան մեծ կորուստներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։ Կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Հազարավոր մարդիկ դարձան ներքին տեղահանվածներ:

Հայ զինծառայողների նկատմամբ կատարվել են զազրելի վայրագություններ։ Անհրաժեշտ է ավելի ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել միջազգային իրազեկումը բարձրացնելու համար՝ համապատասխան կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ից և ԵԱՀԿ-ից մասնագիտական առաքելությունների ներգրավմամբ»:

Քաղաքականություն