Գյուղացին` կոտրած տաշտակի առաջ. տոննաներով բերքը հասել ու վազերին է մնում, գործարանները չեն ընդունում

 Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս եկավ խաղողի բերքահավաքի պահն ու գյուղացին կրկին մնաց կոտրած տաշտակի առաջ: Հողագործներն անհանգստացած են` ամիսներով մշակածը կարող է փչանալ կամ ջրի գնով վաճառվել:   Տոննաներով բերքը հասել ու վազերին է մնացել, պայմանագիր չեն կարողանում կնքել: 

 

«Ամեն տարի այս օրերին արդեն սկսած էր լինում խաղողի մթերման գործընթացը, կամ առնվազն գործարանները հայտնում էին`  քանի տոննա են ընդունելու, պայմանագիրները կնքված էր լինում: Սեպտեմբերի 23-ն է, ոչ մթերում է իրականացվում, ոչ գործարաններից ինչ-որ լուր ունենք, ոչ էլ համայնքապետարանից են մի բան ասում: Բերքը հավաքման ենթակա է, եթե անձրևի կամ մի քանի օր էլ էսպես անցնի` կփչանա:  Ինչքան անցնի, ի վնաս մեզ է»,- այս մասին ասաց  Auroranews.am ահազանգած  Արարատի մարզի Ոստան համայնքի բնակչը:

 

Аuroranews.am-ը փորձեց կապ հաստատել նախ Ոստանի համայնքապետարանի, ապա Արտաշատի քաղաքապետարանի հետ, սակայն երկու կառույցներից և ոչ մեկի հետ աշխատանքային օրով կապ հաստատել չհաջողվեց:

 

Կապ հաստատեցինք Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ: Նա հաստատեց` խնդիրը ոչ միայն Ոստանում կամ հարակից համայնքներում է, այլ ամբողջ մարզում: 

 

«Փորձում ենք ցուցակներով հասկանալ` քանի տոննա բերք կա, կապ ենք հաստատում գործարանների հետ, փորձում մթերում կազմակերպել»,- ասաց Տերտերյանը: 

 

Սակայն փաստն այն է, որ մեզ ահազանգած տնտեսվարողը չգիտի անգամ, որ կա ցուցակ, չգիտի` ինչպես կարող է հայտնվել այդ ցուցակում, որ իր բերքը չփչանա: Մարզպետարանից ասում են` դա տեղի համայնքապետարանը պետք է կազմակերպի: Սակայն ակնհայտ է դառնում` կազմակերպչական մասով մեծ բաց է առկա:

 

Կապվեցինք նաև Էկոնոմիկայի նախարարության հետ: Ասացին` խաղողի մթերման հարցով աշխատանքներ տարվում են, ամբողջական պատասխան տալու համար խնդրեցին գրավոր հարցում ուղարկել:

 

Ինչ է ստացվում, գյուղացին իր գործն անում է, հողը մշակում, բերքը` ստանում, սկայն երբ խաղողը մթերելու,  իրացնելու պահն է հասնում կանգնում է նույն կոտրած տաշտակի առաջ. մթերման խնդիրը կրկին ակտուալ է մնում: 

 

 

 

 

Քաղաքականություն