ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. «Հո գերեզմանոց չի՞». տնօրենը հերոսների նկարները հանել է քոլեջի պատից

 Արմավիրի տարածաշրջանային քոլեջի դասախոսները այսօր՝ սեպտեմբերի 23-ին բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք օգոստոսի 17-ից գործադուլ են սկսել եւ պահանջում են հեռացնել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանին, նշանակել ժամանակավոր պաշտոնակատար:

 

«Բոլոր ատյաններին ներկայացվել են բողոք-դիմումներ, որոնք քննվում են, ուսումնասիրվում են սակայն մինչ օրս ոչ մի լուրջ որոշում չի կայացվել, որը խաթարում է քոլեջի աշխատանքը: Այսօր պահանջում ենք նախարարի հետ հանդիպում:

Քոլեջում անառողջ մթնոլորտ է ստեղծվել: Բացի այդ, տնօրենը կատարել է բազմաթիվ անօրինականություններ, ֆինանսական խախտումներ, բոլորը ներկայացված են համապատասխան կառույցներին: 9 ամսում հասան այն մակարդակին, որ բարոյահոգեբանական մթնոլորտը լրիվ խաթարվել է: Պատրաստ են ուսանողների մոտ անձնական վիրավորանք հասցնել, նվաստացնում էր բոլորին:

 

Գագաթնակետը այն եղավ, որ մեր քոլեջի նահատակների հուշապատը, որը սարքել էինք ուսանողների ու դասախոսների հանգանակությամբ, եկանք տեսանք՝ պատը չկա, նկարները հանված են: Եթե մենք գործադուլ ենք անում, վերեւներում պետք է գիտակցեն, ու չանտեսեն մեր պահանջը»,-ասաց դասախոսներից մեկը:

 

Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Թագուհի Հովակիմյանն իր հերթին նշեց, որ մի կողմից տնօրենն ասում է՝ քոլեջը դժվար կացության մեջ է, մյուս կողմից 800 հազար դրամ է տրամադրում տեսախցիկներ տեղադրելուն արտաբյուջետային ֆոնդից, որի կարիքը բնավ չկար. «Ուզում է տեսնի՝ ով ուր գնաց, ինչ բերեց, ինչ արեց:  Եթե ինքը որեւէ մեկի հետ խնդիր էր ունենում, մենք իրավունք չունեինք այդ անձի հետ կանգնել խոսել, ուրեմն դավ էինք նյութում: Մեր պահանջն է նախարարությունից ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն, մենք դասերը սկսենք: Մենք աշխատենք, բայց ինքը չլինի մեր ղեկավարը»:

 

Մանկավարժները նշեցին, որ ուսումնական հաստատությունում ոտնահարված են մանկավարժների իրավունքները տնօրենի կողմից. «Հարցեր կան, որ պետք է որոշեն բոլոր մանկավարժները, նա ինքնակամ որոշում է կայացնում, օրինակ, վարձավճարների փոխվելը: Օրենքով դա պետք է արվի մանկավարժկան խորհրդի կողմից, ներկայացվում է կառավարման խորհրդին: Մենք այդ մասին իմացել ենք համացանցից, կավավարման խորհրդի որոշումն էլ էր կեղծել, բոլոր ստորագրությունները կեղծված էր: Եթե մենք չենք հաստատել, այդ ստորագրությունները ոնց են եկել նախարարություն: Կառավարման խորհրդից երկու ուսանողներն արտերկրում են, մյուսները հանգստյան տանն էին, ոչ մեկն աշխատանքի չի եղել: Մենք ձայնագրությունն էլ ունենք, որ կառավարման խորհրդի նախագահը տեղյակ չէ:

Մի պահանջ ունենք, մի խնդրանք նախարարից, որ օր առաջ մեր ներկա տնօրենին հեռացնել, ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, որ մենք գործադուլից դուրս գանք եւ ուսումնական պրոցեսը ընթանա»,-ասաց դասախոսներից մեկը:

 

Հիշեցնենք, որ Auroranews.am-ը անդրադարձել էր քոլեջի ուսուցիչների բարձրաձայնած խնդրին: Կապ էինք հաստատել նաև քոլեջի տնօրենի հետ, ով մեզ հետ զրուցում ասել էր` հանել է նկարները առանձին լսարանում ցուցադրելու համար: 

Քաղաքականություն

Պատահարներ