Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից․ զոհվածների ծնողները կոչ են անում գալ ու կանգնել իրենց կողքին

Մենք՝ Եռաբլուրի հերոսածին ծնողներս, հավատարիմ մնալով աննահանջ պայքարի և մեր տղաների ազգանվեր գործի շարունակության խոստմանը, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենք Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը` Աննա Մկրտչյանը` տարածելով զոհվածների ծնողների հայտարարությունը:

 

«Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից. պայքարի կոչ

Հարգելի հայրենակիցներ,

 

Ապազգային, դավաճանական քաղաքականության արդյունքում հայրենիքը շարունակում է ծանրագույն հարվածներ ստանալ, որոնց հետևանքներն անմիջապես երևում են Եռաբլուրում։ Ծնողներիս համար այլևս անտանելի է տեսնել, թե ինչպես է մեծանում Եռաբլուրը։

Այս պատճառով, լարելով բոլոր ուժերը, նոր թափ ենք հաղորդել մեր պայքարին։  Այո՛, պետք է վերջ դնենք սրբավայրը որպես թատերաբեմ օգտագործելու սովորույթին:

Սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից իրականացված վայրագություններն առաջացրել են մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցների ցասումը։ Շնորհակալ ենք գոտեպնդման և աջակցման խոսքերի համար։ Եվ հիմա, կոչ ենք անում գալ ու կանգնել մեր կողքին, որպեսզի միասնական պայքարի արդյունքում հաջողենք։

Եռաբլուրը հայի պայքարող ու չհանձնվող տեսակինն է։

Աստված պահապան մեր հայրենիքին»,-ասվում է հայտարարությունում:

Քաղաքականություն