ԱՄՆ-ն փորձում է աշխարհը դարձնել իր «հետնաբակը. Լավրովը՝ հանրաքվեից է խոսել

Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հանրապետություններում անցկացվող հանրաքվեների պատճառով արևմտյան երկրները զայրացել են։ Բայց այդ տարածքների բնակիչներն այդ կերպ ընդամենն արձագանքում են Ուկրաինայի նախագահի այն խոսքերին, թե ռուսները պետք է դուրս գան Ուկրաինայից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի իր ելույթում։ 

«Այդպես են անում այժմ նշված շրջանների բնակիչները՝ իրենց հետ տանելով իրենց հողերը, որոնց վրա դարեր շարունակ ապրել են նրանց նախնիները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ 

Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ը ներկայումս փորձում է «Մոնրոյի դոկտրինան» («Ամերիկան ամերիկացիների համար» սկզբունքով հռչակագիրը) գլոբալացնել` ամբողջ երկիրը վերածելով ԱՄՆ–ի «հետնաբակի»։ 
Նրա խոսքով`այլախոհներին հարկադրելու գործիքը միակողմանի անօրինական պատժամիջոցներն են, որոնք երկար տարիներ կիրառվում են ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ և օգտագործվում որպես քաղաքական շանտաժ։ 
«Այս պրակտիկայի ցինիզմն ակնհայտ է. սահմանափակումները հարվածում են խաղաղ բնակչությանը՝ թույլ չտալով նրանց հասանելիություն ստանալ առաջին անհրաժեշտության ապրանքներին, այդ թվում՝ դեղամիջոցներին, պատվաստանյութերին, սննդին», - ասել է Լավրովը։ 

ԱԳ նախարարն ասել է, որ հասարակությունը դիմել է մարզային իշխանություններին` անհապաղ հանրաքվեներ անցկացնելու պահանջով։ Նրանց համոզմամբ` Ռուսաստանի Դաշնությանը միանալը կապահովագրի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը։ Նրանց կարծիքով` այս որոշումը հրատապ և անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից շարունակվող ահաբեկչական գործողությունների համատեքստում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակիչներին սպանելու համար։ 
 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների կողմից ընդունված որոշմանը։ 



 

Քաղաքականություն

Պատահարներ