Սկանդալ հետխաղային ասուլիսում. Կապառոսը՝ հրաժարականի պահանջի մասին

Հայաստան–Ուկրաինա ֆուտբոլային հանդիպման հետխաղային ասուլիսին հայ լրագրողները հայտարարեցին, որ եթե 0։5 հաշվով պարտությունից հետո էլ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժարական չի տալիս, իրենք հարցեր չունեն նրան տալու։ 
Լրագրող Ռոբերտ Մարկոսյանը, դիմելով Հայաստանի ազգային հավաքականի մարզչին, ասաց․ 


«Պարո՛ն Կապառոս, դուք շատ եք խոսում Ձեր երկրում գործող ֆուտբոլային օրենքների մասին։ Բայց Իսպանիայում եթե թիմը պարտվում է 0։3 հաշվով, երկրպագուները սպիտակ թաշկինակ են բարձրացնում` պահանջելով մարզչի հրաժարականը։ Եթե դուք հրաժարական չեք տալու, մենք՝ հայ լրագրողներս, Ձեզ հարցեր չունենք տալու»։ 
Այս առաջարկին միացան բոլոր լրագրողները, բացի մեկից։ 
Իսպանացին շատ հանգիստ պատասխանեց, որ իր պայմանագիրը ՀՖՖ-ի հետ ավարտվում է նոյեմբերի 30-ին, և ինքը շարունակելու է աշխատել մինչև այդ ժամկետը։ Խոսելով խաղի արդյունքների մասին` Կապառոսը նշեց. «Խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար, նրանք ընդամենը 5 անգամ մոտեցան մեր դարպասին և 5 անգամ գրավեցին այն։ Մաքսիմալ էֆեկտիվությամբ գործեցին, և դա լավ թիմի նշան է»։ 


Հիշեցնենք` Ազգերի լիգայի B լիգայի 1–ին խմբի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ խոշոր՝ 0։5 հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն։ 
Հաջորդ խաղը Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում մեր հավաքականն անցկացնելու է սեպտեմբերի 27-ին։ Այդ օրը մեր ընտրանին Դուբլինում մրցելու է Իռլանդիայի հավաքականի հետ։ 



 

Քաղաքականություն

Պատահարներ