Սահակյանը՝ հետպատերազմյան շրջանում գերեվարման դեպքերի մասին

Այս պահի դրությամբ ունենք շուրջ 156 գերիներ, որոնք ներդրված իրավական ու քաղաքական ջանքերի շնորհիվ հայրենադարձվել են, բայց սրանով հանդերձ կան մեծաթիվ գերիներ, որ դեռեւս պահվում են Ադրբեջանում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Պատերազմի 2-րդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկման ժամանակ նշեց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

 

«Իհարկե, չափազանց կարեւոր խնդիր է, որ ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում  Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ այս ընթացում ենթարկվել են բռնի անհետացման: Պաշտոնապես Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչեւ սեպտեմբերի 13-ին պատերազմի վերսկսումը, կազմում էր 33-ը, իսկ հետպատերազմյան շրջանում մենք ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպքեր: Դրանց ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնականացվել է, բայց առաջիկայում եւս պատասխաններ են ակնկալվում ՄԻԵԴ-ի միջոցով եւ ավելի հստակ կկարողանանք հաստատել; վերջին միջադեպերով գերիներին»,-ասաց նա:

 

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իրենք գործում են անհատական գանգատների հիման վրա՝ ներկայացնելով ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին.

 

 «Նաեւ այս ջանքերը լրացվում են այլ փաստաբանների կողմից: Միաժամանակ կա միջպետական գործընթաց հենց ՄԻԵԴ-ում, որի առարկան ներառում է նաեւ գերիների հիմնախնդիրը, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նաեւ հայրենադարձումը: Գերիների հարցն անուղղակիորեն արծարծվում է նաեւ Արդարադատության միջազգային դատարանում՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի համատեքստում: Այս տեսանկյունից կարծում եմ՝ իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշակի առումով նաեւ աննախադեպ, որովհետեւ Հայաստանը նախկինում զերծ է մնացել որեւէ պետության դեմ մարդու իրավունքների խնդիրներով միջպետական գործեր ներկայացնելուց: Պետությունն առաջին անգամ է, որ իր դեմքով այդքան ակտիվ է գործում միջազգային իրավական ատյաններում»-ասաց նա:

 

 

Քաղաքականություն