Սեյրան Օհանյանը` Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին

 Ես չեմ ուզում մեկնաբանել առաջին նախագահի ասածը, բայց փաստ է այն, որ ՀՀ-ն գտնվում է կապիտուլյացիոն վիճակում ու Հայաստանը այս վիճակում հենց այնպես չի հայտնվել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

 

«Վերջին տարիների մեր պատմությունը ցույց տվեց, որ իշխանության եկան մարդիկ, որոնք ձախողցին ամեն ինչ՝ և՛ բանակցային գործընթացը, և՛ 30 տարիների կատարած քրտնաջան աշխատանքը։ Այդ ձախողումն է, որ բերեց պատերազմի։ Մեր զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը  ապահովեր անվտանգությունը։ Բայց մենք կարող էինք ունենալ նաև ավելի շատ զոհեր, բայց ունենալ հաղթանակ։ Ցավը կայանում է նրանում, որ այս քանակությամբ զոհերի պայմաններում ունեցել ենք պարտություն»,- ասաց Օհանյանը։

 

Նա նշեց, որ պարտությունից հետո գործող իշխանությունները ամբողջությամբ տապալել են պետական կառավարումը։

«Այս իրավիճակից դուրս գալու առաջին պայմանը այս իշխանություններին փոխելն է, պետք է գան մարդիկ, ովքեր կարող են արտաքին քաղաքականություն վարել, մեր բանակցողը այժմ մշտական ճնշման ներքո է գտնվում։ Ես գիտեմ, որ հայ ժողովուրդը ունակ է իշխանության բերել մարդկանց, ովքեր ունեն ամուր բռունցք այս անելանելի վիճակից դուրս գալու»,- նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

 

Հարցին՝ ում է տեսնում որպես Փաշինյանին փոխարինող, Օհանյանն ասաց, որ չի ցանկանում կանգ առնել անձերի վրա։

Անդրադառնալով Լևոն Տեր –Պետրոսյանի այն առաջարկին, որ ընդդիմությունը ստեղծված իրավիճակում պետք է իշխանության հետ երկխոսի և համատեղ լուծումներ գտնի, Օհանյանը ասաց․ «Մենք գնանք ի՞նչ բանակցենք, գնանք կանգնենք իր կողքին ու տեսնենք ինչպե՞ս է հանձնում Հայաստանը, մաս կազմե՞նք Հայաստանի հանձնելուն»։

Քաղաքականություն