Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրություններն է կեղծել, որի արդյունքում ծնվել են թալանչիներ․ Աղազարյան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած որոշ մտքերի վերաբերյալ Hraparak.am-ը զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ 

 

Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, ասել էր, որ ՀՀ եւ Արցախի նախկին նախագահներին ու Վեհափառին առաջարկել է իշխանությունների հետ երկխոսություն սկսել։

 

- Պարոն Աղազարյան, ի՞նչ եք կարծում՝ ձեր իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն հնարավո՞ր է ընդհանրապես։

 

- Ես չեմ կարծում․․․, էդ երկխոսությունն էսօր էլ կա, երեկ էլ կար, երեկ չէ մյուս օրն էլ կար, որովհետեւ երբ կառավարող ուժը ներկայացնում է մի օրակարգ, որին հակառակ՝ խորհրդարանական մյուս ուժերը եւ նաեւ այլ ընդդիմադիր ուժեր միավորվում են այդ օրակարգի դեմ՝ էդ օրակարգի պատճառով իշխանությունը տապալելու, իշխանության գալու նպատակով, եւ այդ ամենն արձագանք չի գտնում հասարակության շրջանակներում, դա նշանակում  է, որ հասարակությունը պաշտպանում է այդ օրակարգը՝ իշխող ուժի օրակարգը, եւ, հետեւաբար, այդ երկխոսության արդյունքում ազգը միավորվում է այդ գաղափարի շուրջ։

 

- Տեր-Պետրոսյանն ասում է՝ առավելագույնը, որ Հայաստանը կարող է անել, հնարավոր ցավոտ լուծումներից ամենաքիչ ցավոտ լուծումն ընտրելն է։

 

 Դուք չե՞ք ընդունում, որ ձեր իշխանությունն է երկիրը հասցրել այն վիճակին, որ Հայաստանը պետք է ցավոտ լուծումներից ամենապակաս ցավոտն ընտրի։

 

- Ես այդպիսի բան չեմ կարծում, եւ, բարեբախտաբար, այսօր Տեր- Պետրոսյանը ոչ մի ազդեցություն չունի գործընթացների վրա, բարեբախտաբար՝ որովհետեւ ժամանակին, երբ ինքն ազդեցություն ուներ գործընթացների վրա, ինքն ամեն ինչ արեց հակառակ տրամաբանությամբ, կեղծեց ընտրություններ, որի հետեւանքով չկարողացավ իր կարծիքով ճիշտ օրակարգն առաջ տանել, եւ, բարեբախտաբար, էլի եմ ասում, ինքը ոչ մի ազդեցություն չունի գործընթացների վրա։ Իշխանությունը գնում է ժողովրդի ներկայացրած օրակարգով, եւ, հետեւաբար, գտնում եմ, որ այդ իմաստով մեր նախընտրական ծրագրերի հետ կապված՝ շեղումներ չունենք։

 

- Տեր-Պետրոսյանն ասաց նաեւ, որ Փաշինյանին հարկավոր է ձեռք մեկնել, օգնել, որ նա ընտրի ամենաքիչ ցավալի տարբերակը, դրանով նախկին նախագահներն իրենց վրա պատասխանատվություն են ստանձնում։ Հիմա ձեր իշխանությունը պատրա՞ստ է սեղմել այդ ձեռքը, եթե որոշվի, որ նախագահները պատրաստ են քայլ անել՝ երկխոսելու։

 

- Ինքն էդպիսի բան չի ասել, ինքը դա կարա ասի միայն իր անունից, որովհետեւ իր խոսքերից չէր բխում, որ այդ միջոցառման մյուս մասնակիցներն էլ են իր հետ համակարծիք։

 

- Գոնե Տեր-Պետրոսյանն այդ ձեռքը մեկնում է, հիմա Փաշինյանը պատրա՞ստ է այն սեղմել։

 

- Ես չեմ կարող Նիկոլ Փաշինյանի փոխարեն խոսել, եթե ինքը հարմար գտնի, խնդրեմ, թող սեղմի այդ ձեռքը։

 

- Իսկ Դուք կսեղմեի՞ք։

- Ո՛չ։

 

- Ինչո՞ւ։

- Որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում, 1995 թվականից սկսած, բոլոր բացասական դրսեւորումները կապված են Ձեր ասած անձի հետ։

 

- Այսինքն, որ միշտ ասում եք՝ «նախկիններն են մեղավոր», էդ «նախկինների» մեջ Տեր-Պետրոսյանն է՞լ է մտնում։

- Ամենամեղավորն ինքն է։

 

- Տեր-Պետրոսյանը Ձեզ համար ավելի մեղավոր է, քան Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նը։

 

- Իհարկե, ինքն է ծնել իրենց։

 

- Մինչդեռ շատերն ասում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց Փաշինյանին է ծնել եւ նրա քաղաքական հայրն է։

 

- Դե պետք է դատել արդյունքներից։ Եթե էդտեղ մենք մտնենք դավադրության տեսությունների մեջ, ապա կսխալվենք։ Ճիշտ պետք է դատենք արդյունքները․ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ այն ժամանակվա մյուս բոլոր ավար բաժանողների ջանքերով Հայաստանը դարձավ կոնֆլիկտի կողմ, Արցախի ժողովրդի ազգային ազատագրական պայքարը մղվեց հետին պլան, կոնֆլիկտը դարձավ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ, տարածքային կռիվ, եւ մենք ընկանք բացասական շրջապտույտների մեջ։

 

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են նախկին բոլոր նախագահներն ու Վեհափառը հանդիպել միմյանց հետ եւ պլանավորում են էլի հանդիպել։

 

- Ես նախ ասեմ, որ ես չեմ ճանաչում «նախկին բոլոր նախագահներին», որովհետեւ կիսանախագահ եղել է Լեւոն Տեր- Պետրոսյանը միայն, որովհետեւ առաջին անգամ ինքն արդար, թափանցիկ ընտրություններով ընտրվել է, իսկ մյուսներն ինձ համար չեն եղել ՀՀ նախագահներ, եղել են ՀՀ ղեկավարներ։ Իսկ թե ինչու են հավաքվել, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել։

 

- Իրենք ասում են, որ ստեղծված ծանր իրավիճակից ելքեր գտնելու համար են հավաքվել։

 

- Իմ խորին համոզմամբ՝ իրենց պայքարը ժամանակի եւ տարածության մեջ իրենց թալանածը պահպանելու համար է։

 

- Այսինքն՝ այդ բոլորը հավաքվել են, որ «թալա՞նը» պահպանեն։

- Տեր-Պետրոսյանը՝ չէ, ինքը չի թալանել, ինքն ընտրություններն է կեղծել, որի արդյունքում ծնվել են թալանչիներ։

 

  •  

Քաղաքականություն

Պատահարներ