«Քաղաքական մանիպուլյացիա է. դրանք չի կարելի համեմատել». Չինաստանի ԱԳՆ

Թայվանական հարցը սկզբունքորեն տարբերվում է ուկրաինական ճգնաժամից, դրանք չի կարելի համեմատել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վեմբինը՝ մեկնաբանելով ՌԴ-ի կազմում Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


«Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, թայվանական հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, այն սկզբունքորեն տարբերվում է ուկրաինական հարցից, դրանք չի կարելի համեմատել», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Չինաստանը կայացած հանրաքվեները կեղծ ազդանշան է համարում անջատողական ուժերի համար, որոնք հանդես են գալիս Թայվանի անկախության օգտին:


Վան Վեմբինն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամը եւ թայվանական հարցը համեմատելու ցանկացած փորձ «քաղաքական մանիպուլյացիա է», ինչպես նաեւ «կոպիտ միջամտություն Է Չինաստանի ներքին գործերին»:


Նա նաեւ հայտարարել է, որ Չինաստանը միշտ հանդես է գալիս բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու, ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակներն ու սկզբունքները պահպանելու օգտին:

Քաղաքականություն

Պատահարներ