Կփոխվի «կարմիր գծերի» գույնն ու վճարի չափը. նախագիծ

 ՀՀ կառավարությունը որոշել է փոխել վճարովի ավտոկայանատեղերի` «կարմիր գծերի» գույնն ու վճարի չափը։

Այդ նպատակով մշակված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանն ու առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի դատին։

 

Նախագծով նախատեսվում է երևանյան ներկայիս միանման ավտոկայանատեղերը տարբերակել ըստ նշանակության. հաշմանդամ վարորդների համար` մի գույնով, ծառայողական ավտոմեքենաների համար` մեկ այլ, շարքային քաղաքացիների համար էլ` ուրիշ գույնի գետնանշումով:

 

«Կարմիր գույնի գետնանշումներում թեև առկա են առանձին հատվածներ, որոնք նախատեսված միայն հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար, սակայն գործնականում գույնի միատոնության պատճառով չեն տարբերակվում այլ վարորդների կողմից, ինչն էական խոչընդոտ է հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման համար»,– ասված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ։

 

Միաժամանակ փոփոխություններ կլինեն նաև ըստ տեղանքի. կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, ծայրամասերում` ավելի էժան։ Նոր դրույքաչափերը կսահմանվեն ըստ առկա գոտիականության։

 

Նշենք, որ ներկայում վճարման դրույքաչափերն ընդհանուր են, ավտոկայանատեղերն առանձնացված չեն ըստ գոտիականության:

Թե ինչ գներ ու գույներ կսահմանվեն, դեռ հայտնի չէ։ Այդ հարցով կառավարությունը նոր որոշում կընդունի, բայց արդեն խորհրդարանի կողմից այս օրենսդրական առաջարկի ընդունումից հետո։

Քաղաքականություն