Մենք գիտենք, թե որտեղ քանի դի կա, բայց մարմինները դուրս բերելու փորձերը հանդիպել են ադրբեջանական ուժերի ուժեղ կրակին. ԳՇ պետի տեղակալ

Հայկական կողմը գիտի, թե սեպտեմբերի 13-ի՝ ադրբեջանական սադրանքի արդյունքում որտեղ քանի դի կա, սակայն մարմինները դուրս բերելու փորձերը հանդիպել են ադրբեջանական ուժերի ուժեղ կրակին: Այս մասին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն ասել է օտարերկրյա դիվանագետների և լրագրողների հետ հանդիպմանը Վարդենիսում:
 

ԳՇ պետի տեղակալը հաստատել է անհետ կորած զինխառայողների ծնողների ահազանգը այն մասին, որ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զինծառայողների մարմիններ կան, և ՊՆ-ն դեռ մարմինները դուրս չի բերել:
 

«Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են: Այսօր մենք իսկապես գիտենք, թե որտեղ մեր ընկերների քանի մարմին ունենք, դա մեր ամենացավոտ տեղն է: Հանուն հայրենիքի կյանքը տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին: Ադրբեջանական կողմը խոստացավ հումանիտար զինադադար, հումանիտար զինադադարը նախատեսում է վիրավորների և աճյունների դուրսբերում, մեր փորձերը՝ դուրս բերելու մեր զինծառայողների՝ մեր զոհված ընկերների աճյունները, հակառակորդի կողմից հանդիպեցին կրակի ուժեղ ազդեցության և հայտարարության, թե ադրբեջանական կողմը կվերադարձնի մեր զինծառայողների մարմինները»,-ասել է Մարտիկյանը:

Քաղաքականություն

Պատահարներ