Իլոն Մասկը շարունակում է գրել Ուկրաինայի մասին, Զելենսկին՝ Twitter-ում սեփական քվեարկությունն է նախաձեռնել

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, նոր թվիթ է հրապարակել Ուկրաինայի մասին այն բանից հետո, երբ նրա չորս կետից բաղկացած «խաղաղության ծրագիրը»  Twitter-ում հանդիպեց զայրացած մեկնաբանությունների ալիքին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխն Մասկի գրառումների, սոցցանցում հարցում է նախաձեռնել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 

«Ռուսաստանը մասնակի մոբիլիզացիա է անում: Նրանք կիրականացնեն ամբողջական ռազմական մոբիլիզացիա, եթե Ղրիմի համար վտանգ լինի», -  Twitter-ում գրել է Մասկը,- «Երկու կողմերի զոհերի թիվը սարսափելի կլինի»:
 

Մասկը գրում է, որ «Ռուսաստանի բնակչությունը երեք անգամ գերազանցում է Ուկրաինային, ուստի համապարփակ պատերազմի դեպքում Ուկրաինայի հաղթանակը քիչ հավանական է»:

 

«Եթե դուք մտածում եք Ուկրաինայի ժողովրդի մասին, ապա խաղաղություն փնտրեք»,- եզրափակել է նա:

 

Մասկը նաև քվեարկություն է նախաձեռնել՝ նշելով. «Դոնբասում և Ղրիմում ապրող մարդկանց կամքը պետք է որոշի՝ նրանք կլինեն Ռուսաստանի, թե Ուկրաինայի մաս»: 

 

Մոսկվայի ժամանակով 22:00-ի դրությամբ մոտ 500 հազար ընտրողներից 55%-ը կողմ է արտահայտվել, ավելի քան 44%-ը՝ դեմ։

 

Մասկի առաջարկներից հետո, որոնք կասկածի տակ էին դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, մեկնաբանություններում հազարավոր օգտատերեր իրենց վրդովմունքն են հայտնել, այդ թվում՝ ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը,  ինչպես նաև դիվանագետ Անդրեյ Մելնիկը, ով մինչև վերջերս զբաղեցնում էր Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը: Վերջինս արձագանքել է Մասկի գրառմանը` նրան անգլերենով անպարկեշտ կերպով դժոխք ուղարկելով։
 

Ի պատասխան օգտատերերից մեկի մեկնաբանության, թե իր թվիթներով բազմաթիվ ուկրաինացիների է իր դեմ հանել, Մասկը գրել է.

«Դուք կարծում եք, որ ես ուզում եմ հանրաճանաչ լինել: Ինձ դա չի հետաքրքրում: Բայց ես մտածում եմ, որ միլիոնավոր մարդիկ իզուր են մահանում գրեթե նույն արդյունքի համար»,- գրել է նա:
 

Սկանդալի ֆոնին Ուկրաինայի նախագահը սեփական թվիթն է հրապարակել. Զելենսկին օգտատերերին հարցրել է. «Ո՞ր Մասկին եք ավելի շատ սիրում՝ Ռուսաստանին աջակցող, թե՞ Ուկրաինային»:
 

Մոսկվայի ժամանակով 22:00-ի դրությամբ մոտ 150.000 ընտրողներից ավելի քան 92%-ը կողմ է Ուկրաինային աջակցող Մասկին:

Քաղաքականություն

Պատահարներ