Վերջին պահին Տիգրանը քաշել է նռնակի ձգանն ու պայթեցրել իրեն` դժոխք ուղարկելով մի մեծ խումբ ազերի բորենիների. Դավիթ Գրիգորյան

Տիգրանն է, 19 տարեկան անմահ։ Առկա տեղեկություններով, վերջին պատերազմական գործողությունների ժամանակ իրական հերոսի պես է հավերժացել` պաշտպանելով Ջերմուկի դիրքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի նախկին խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

 

«Վերջին պահին արծիվը քաշել է նռնակի ձգանն ու պայթեցրել իրեն` դժոխք ուղարկելով մի մեծ խումբ ազերի բորենիների։  Տղեն իր ընկերների վրեժն էլ է լուծել ու ապացուցել, որ հայ հերոսը չի հանձնվում։ Ինքը պատիվ ունի, փառք ունի, արժանապատվություն ունի։ Ինքը կա՜։
 

Ամեն հայ տղամարդ իր մտքում, ամեն գիշեր աչքերը փակելիս այդ տեսարանը պիտի խաղարկի: Խաղարկի, թե ինչպե՞ս է մեկը տասին ուղարկելու էն աշխարհ, երբ հավերժության ակնթարթը բաժին հասնի իրեն»,- գրել է նա։
 

«...Հիմա մեզ ընտրության առաջ են կանգնեցրել։
 

Ի՞նչ են ուզում հազարներն ու առանձին վերցրած` հարյուր հազարները։ Գուցե "նռնակները" փոքրամասնությու՞ն են։ Այս դեպքու՞մ ինչ անել։

Թե էմոցիենալից անցնենք ռացիոնալին, գուցե հարյուր հազարներն են ճիշտ, իսկ նռնակատերերը` սխալ։ Բայց մեր անձնատուր լինելը չեմ ուզում, չեմ կարող ընդունել։ Ինձ պարտվել չեն սովորեցրել, պետության պարտություն ինձ չեն ներարկել։ Ես չգիտեմ, թե ինչպես են ճիշտ պարտվում։

Գուցե այդպիսիք կա՞ն։
 

Փաստն այն է, որ կա՛մ ձգտում ենք առավելագույնի ու շանսերը դասավորում ենք 50/50, կա՛մ էլ գնում ենք 100 տոկոսանոց համակերպման ու արժեզրկվում։ Երրորդ տարբերկն այս պահին հրաշքին հավասար մի բան է։
 

Չկան պետություններ, որոնք իրենց շահերը ստորադասելու են մերից։ Չկա նման բան։ Որևէ կենտրոն մեզ առավել չի արժեվորելու, քան իրեն։ Մենք ամեն դեպքում լինելու ենք գործիք, եթե չդառնանք գործոն։ Իսկ գործոն հնարավոր է դառնալ բացառապես ազգ֊բանակ սկզբունքով։ Կամ մահապարտների ջոկատ պիտի դառնանք ու ապրենք, կամ հրաժարվենք պայքարից ու քարշտ տանք էժանագին գոյություն։

Հրամցվող ընտրությունն այսպիսին է։
 

Բայց թե ունակ լինենք ձևակերպել մեր սեփական տարբերակը, երրորդ ճանապարհը, գուցե հավանակա՞ն դառնա խուսափել պարտադրանքից։

Իսկ դրա համար կա՛մք է պետք։ Պետք է ՏԻԳՐԱ՛Ն լինել։
 

Ունե՞նք... կլինե՞նք
 

Խոսքը ձե՛զ»,- գրել է Գրիգորյանը։

Քաղաքականություն

Պատահարներ