Պուտինն այժմ շատ ավելի մեղմ է, քան անցյալում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուց հետո ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ, հայտնում է Hürriyet թերթը։ Լրատվամիջոցների խոսնակը հարցրել է Թուրքիայի ղեկավարին, թե արդյոք նա քննարկել է պարենային գործարքի երկարաձգման հարցը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի կամ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ:


Էրդողանը պատասխանել է, որ իր տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ 363 նավ պարենային գործարքի շրջանակներում համաշխարհային շուկաներ են մատակարարել 8 միլիոն տոննա հացահատիկ և այլ պարենային ապրանքներ։ Ընդ որում, ուկրաինական նավահանգիստներից առաքումների 62%-ը բաժին է ընկել Եվրոպա, 19,5%-ը՝ Ասիա, 13%-ը՝ Աֆրիկա, 5,3%-ը՝ Մերձավոր Արևելքի երկրներ։

 

Միաժամանակ, ըստ Թուրքիայի նախագահի, ամենաքիչ զարգացած երկրներ է ուղարկվել 454 հազար 626 տոննա ցորեն, ինչը կազմում է ընդամենը 5,7 տոկոս։ Այլ երկրներ առաքվող ապրանքներից, ըստ նրա, առանձնանում են եգիպտացորենը, ցորենը, արևածաղկի ձեթը, և արևածաղկի ալյուրը։ Այս ապրանքների մասնաբաժինը ընդհանուր ծավալում կազմում է մոտ 96%։


Թուրք առաջնորդին նաեւ հարցրել են, թե «Թուրքիայի միջնորդությամբ կարելի՞ է քննարկման սեղանին դնել պատերազմը վերջնականապես վերջ տալու համար հարցը»։


«Ես տեսա, որ պարոն Պուտինն այժմ շատ ավելի մեղմ է, շատ ավելի բաց բանակցությունների համար, քան անցյալում: Մենք կտեսնենք, թե դա ուր կարող է տանել հեռախոսային դիվանագիտության օգնությամբ, որը մենք կանցկացնենք առաջիկա օրերին՝ երկու առաջնորդներին լսելուց հետո»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Էրդողանի խոսքերից հետո ասել է, որ Պուտինը ի սկզբանե բաց է եղել բանակցությունների համար և բազմիցս խոսել է այս մասին։

 

«Պուտինը փորձեց բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի հետ մինչ հատուկ գործողությունը։ Այն բաց էր բանակցությունների համար, երբ գործնականում համաձայնեցվեց ռուս-ուկրաինական բանակցությունների փաստաթղթի տեքստը»,- ընդգծել է Պեսկովը։

 

Նա հավելել է, որ փոխվել է միայն ուկրաինական կողմի դիրքորոշումը, որը մտափոխվել է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսություն վարելու մասին։


Սեպտեմբերի 30-ին Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում ասել էր, որ Ուկրաինան որևէ բանակցություն չի վարի Ռուսաստանի հետ, քանի դեռ Վլադիմիր Պուտինը երկրի նախագահն է։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը բանակցային գործընթացում հանդես է եկել նախաձեռնություններով, առաջարկել Ռուսաստանին «համաձայնության գալ համակեցության շուրջ՝ հավասար, ազնիվ, արժանի ու արդար պայմաններով»։ Բայց, «երբ Ռուսաստանը գլխավորում է Պուտինը, հնարավոր չէ դրա հետ համաձայնվել», փոխանցում է gazeta .ru-ն։

Քաղաքականություն