«922 օր է մնացել մեզ»․ ինչու էր Ռուբեն Վարդանյանը նման բան ասել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից շատերի համար զարմանալի չի եղել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո որևէ փաստաթուղթ չի ստորագրվել:

 

Բանն այն է, որ պատգամավորների մի շրջանակ ամեն դեպքում տեղյակ էր, որ ՌԴ-ն 15 կետից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրած եղել, որի 14 և 15 կետերը խնդրահարույց են եղել երկու կողմերի համար: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին պատգամավորները պատմեցին, որ 14-րդ կետը վերաբերել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգմանը, որին Հայաստանը կողմ է եղել, Ադրբեջանը՝ դեմ, իսկ 15-րդ կետը վերաբերել է Արցախի ինքնորոշման հարցին, որին նույնպես դեմ է եղել Ադրբեջանը: Չնայած արևմտյան տարբերակով ևս Արցախի ինքնորոշման հարցը չի կարգավորվում, սակայն հաշվի առնելով սեպտեմբեր ամսվա Ադրբեջանի գործողություններից հետո ՌԴ կողմի չեզոքությունը՝ իշխող թիմը շարունակում է հակված մնալ արևմտյան տարբերակին և նրանց հետ հարաբերությունների կարգավորմանը՝ կտրելով ՌԴ-ի հետ կապը: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ անորոշ է խաղաղապահների ապագան, և չնայած Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է ստորագրել երկարաձգման հարցը, այն այդպես էլ չեղավ:

 

Այստեղ հիշեցնենք Արցախի ապագա պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը՝ ասված Համահայկական համաժողովի ժամանակ. «Մենք ունենք ճգնաժամ. 922 օր է մնացել մեզ, եթե ոչ մի բան չանենք, Արցախը կորցնելու ենք»: Սա հենց խաղաղապահների ժամկետին է վերաբերում. hենց այդքան օր անց ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից: Ի դեպ, այսօր խորհրդարան է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և չնայած թեման բյուջեն է, սակայն, մեր տեղեկություններով, լինելու է նաև քաղաքական ելույթ»:

 

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում:

Քաղաքականություն

Պատահարներ