Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակելու հիմքեր է փորձում ստեղծել․ Փաշինյան

«Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար», - այս մասին քիչ առաջ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 

ՀՀ վարչապետը հիշեցրել է՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում և սա հիմնավորվում է մի քանի փաստերով. «Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է «Լաչինի միջանցք», այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին:  

 

Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ոչ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի, ոչ տեղանվան որևէ հիշատակում։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածք, անվտանգության գոտի։ 9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա և խոսք է գնում միայն հաղորդակցության մասին»: 

 

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում ասվում է՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը. «Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որտեղ ասվում է. «Ռուսաստանի դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար»: 

 

Այսինքն, մեր սուվերեն որևէ տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսքը չկա և չի կարող լինել, խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է և միայն սա կարող է անել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»,- շեշտեց նա:

 

Փաշինյանը նաև հավելեց, որ անհիմն են Հայաստանին նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու մեղադրանքները. «Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ, ընդ որում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հիշատակված չէ որեւէ կոնկրետ երթուղի»:

Քաղաքականություն

Պատահարներ