Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել ադրբեջանցիներին բոյկոտել ֆրանսիական ապրանքները

 Ադրբեջանցի պատգամավոր Նագիֆ Խամզաևը կոչ է արել բոլոր ադրբեջանցիներին կամավոր բոյկոտել ֆրանսիական ապրանքները՝ ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված հակաադրբեջանական բանաձևերի։

 

Երեկ էլ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան  Լեյլա Աբդուլաևան` արձագանքելով Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևին, հայտարարել է, որ Ֆրանսիան խոչընդոտում է խաղաղությանը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում նդունված փաստաթուղթը երկրի կառավարությանն առաջարկում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում, հորդորում շարունակել միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով, կոչ անում դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը։ Ֆրանսիացի պատգամավորները նաև Բաքվին են դիմել՝ կոչ անելով դուրս բերել զորքը Հայաստանի տարածքից, անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել ագրեսիան Հայաստանի նկատմամբ և տևական խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում:

Դիմելով միջազգային կառույցներին՝ ֆրանսիացի պատգամավորները պահանջել են միջոցներ ձեռնարկել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս Միջազգային քրեական դատարան դիմել՝ սեպտեմբերյան հարձակման ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների, բռնաբարությունների, մահապատիժների մեղավորներին պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ