«Որևէ բան բացառելը գրեթե անհնար է, այդ թվում՝ հնարավոր ռազմական սադրանքներն Ադրբեջանի կողմից». Աղաջանյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում, որը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ,

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասաց, թե ընդդիմության առաջարկը քննարկվել է ՔՊ խմբակցության հետ։

 

Ըստ Աղաջանյանի՝ առաջարկվող նախագծում կային բազմաթիվ դրույթներ, որոնք համահունչ են իրենց պատկերացումներին, ինչպես նաև կա քաղաքական կամք՝ ԱԺ անունից հանդես գալ ընդհանոր հայտարարությամբ։

 

«Չնայած որ կային բավականին մեծ թվով դրույթներ, որոնց շուրջ հնարավոր եղավ գալ համաձայնության, այնուամենայնիվ, ցավոք, կային որոշ ձևակերումներ, որոնց հետ կապված դիրքորոշումները երկու կողմերի մոտ սկզբունքային էին, ըստ այդմ՝ համաձայնության գալու հնարավորություն չեղավ», - ասաց Աղաջանյանը։

 

Աղաջանանի խոսքով` «Հայաստան» խմբակցության առաջարկվող ձևակերպումները նախապատերազմյան արտաքին քաղաքականության տրամաբանության շարունակությունն ու կրկնությունն են։

 

«Մեր գնահատականն  այն է, որ 30 տարի շարունակվող արտաքին քաղաքականության արդյունքն ու հետևանքն այն ստատուս քվոն է, որն արձանագրված է այսօր։ Ի հակադրումն այս դիրքորոշման՝ հնչում է հետևյալ կարծիքը՝ «փաստացի, հետպատերազմյան գործընթացները գալիս են ապացուցելու, որ խաղաղության օրակարգը նույնպես չի երաշխավորում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգություն»։ Պետք է վստահորեն արձանագրեմ հետևյալը՝ ցավալիորեն, հաշվի առնելով վերջին շրջանում աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող դեստրուկտիվ քաղաքականությունը, որևէ բան բացառելը գրեթե անհնար է, այդ թվում՝ հնարավոր ռազմական սադրանքներն Ադրբեջանի կողմից, սակայն մի բան մեզ համար հստակ է ու աներկբա՝ խաղաղության օրակարգից բխող դիվանագիտությունն է գլխավոր, եթե ոչ միակ պատճառը, որ յուրաքանչյուր ադրբեջանական սադրիչ գործողությանը հետևում է միջազգային հանրության այդչափ միահամուռ դատաապարտող գնահատական», - ասաց Աղաջանյանը։

 

Աղաջանյանը նաև հավելեց.

 

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան՝ նպաստում է Հայաստանի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը ու մենք, որպես ՀՀ իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»։

Քաղաքականություն

Պատահարներ