ՌԴ ԱԳՆ-ն Արա Աբրահամյանի միջոցով փորձում է հետ կանչել 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերի վերաբերյալ դատական հայցը․ Lragir

Մոսկվայի դատարաններից մեկում ս․թ․ նոյեմբերից սկսել է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16.03.1921թ․) անօրինականության վերաբերյալ հայցի դատաքննությունը։ Հայցը դատարան է ներկայացրել Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի բաժանմունքի ղեկավար Գեորգի Անտոնովը։

Ըստ  Lragir․am-ի հավաստի աղբյուրների, հայցը խորապես անհանգստացրել էր ՌԴ արտգործնախարարությանը, որն էլ նախաձեռնել է հայցը հետ կանչելու գործընթաց։ 

 

Ռուսներն իրենց նպատակին հասնելու համար դիմել են Ռուսաստանի հայերի միություն հասարակական կազմակերպությանը և նրա նախագահ Արա Աբրահամյանին։ Վերջիններս բոլոր միջոցներով ճնշում են բանեցնում Գեորգի Անտոնովի վրա՝ նրանից պահանջելով հայցի չեղարկում։ 

 

Բնականաբար, այս հակահայ գործընթացը փաթեթավորվում է Հայաստանի և հայերի շահերի պաշտպանության կեղծ քարոզով։ Արա Աբրահամյանը և նրա  խումբը, չհասնելով իրենց նպատակին, ձեռնամուխ են լինում Կեմերովոյի բաժանմունքի ղեկավարի փոփոխությանը՝ որպեսզի վերջինս Անտոնովի փոխարեն չեղարկի հայցը։ Այս նպատակով Արա Աբրահամյանը Կեմերովո է գործուղում իր տեղակալներից Գերման Անանյանին, որն էլ կերուխումի սեղանի շուրջ հանդիպում է կազմակերպում տեղի որոշ հայերի հետ և հետո հաղորդագրություն տարածում, որ իբր Գեորգի Անտոնովի փոխարեն Կեմերովոյի բաժանմունքի նախագահ է ընտրվել Արգիշտի Բուլոյի Սիմոնյանը։ 

 

Արգիշտի Սիմոնյանն ազատազրկված է եղել կողոպուտի համար և Կեմերովոյի «նայող» «օրենքով գող»  Վոլոսատիի աջ ձեռքն է։ Սիմոնյանը տարիներ շարունակ զբաղված է եղել դրամաշորթությամբ՝ հայերից փող է հավաքել Կեմերովո քաղաքի Զագորոդնայա 31 հասցեում իբր հայկական եկեղեցի և դպրոց կառուցելու համար։ Այսուհանդերձ, ըստ պաշտոնական տվյալների, այդ հասցեում գտնվող հողակտորն առ այսօր հանդիսանում է Սիմոնյանի անձնական սեփականությունը։

 

Հաշվի առնելով, որ Ռուսաստանի Հայերի միության Կեմերովոյի բաժանմունքն առանձին իրավական մարմին է, և համաձայն կանոնադրության նրա ղեկավար կազմում որևէ փոփոխություն չի կարող տեղի ունենալ առանց տվյալ կառույցի վարչության անդամների և բաժանմունքի ղեկավարի մասնակացության ու քվեարկության, Գեորգի Անտոնովն արդեն իսկ դիմել է մարզի իրավասու մարմիններին՝ մատնանշելով տեղի ունեցած անօրինականությունները։ Աբրահամյանի քայլերը՝ պաշտոնանկ անելու Անտոնովին, ոչ այլ ինչ են, եթե ոչ կոպիտ ու անօրինական միջամտություն, ներքին հեղաշրջման փորձ՝ ոչ միայն Կրեմլից ստացած հրամաններն ի կատար ածելու համար։

 

 

1921 թ․ պայմանագրերը կնքվեցին Մոսկվայի նախաձեռնությամբ։ Այդ պայմանագրերով Նախիջեւանը հանձնվեց Բաքվի պրոտեկտորատին, Թուրքիային անցան Կարսի, Սուրմալուի, Արարատ լեռան շրջանները։ Հայաստանի ռուս-թուրքական օկուպացիայի ներկայիս փուլը այդ պայմանագրի ընդլայնված կիրառումն է՝ Մոսկվայի ու Անկարայի համաձայնություններով։ 

 

Քաղաքականություն