ԱՄՆ-ն 44,9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային. 2023-ի բյուջե

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել երկրի 2023 թվականի 1,7 տրիլիոն դոլարի չափով  բյուջեի նախագծին, ըստ որի` 44,9 մլրդ դոլար կհատկացվի Ուկրաինային, հայտնում է NBC News-ը։

 

«Օրինագիծը, որին կողմ է քվեարկել 68 սենատոր, իսկ դեմ՝ 29-ը, վարչակազմի ֆինանսավորումը կպահի մինչև հաջորդ աշուն: (...) Օրինագիծը ներառում է նաև գրեթե 45 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն Ուկրաինային»,- հայտնում է հեռուստաալիքը։

 

Այժմ օրինագիծը կներկայացվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հաստատմանը, իսկ հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է ստորագրի այն։

 

Նշվում է, որ Կոնգրեսը պետք է երկու պալատների միջոցով օրինագիծն ընդունի արդեն այս շաբաթ, որ խուսափի կառավարության գործունեության կասեցումից, որի ֆինանսավորման հաստատված  ժամկետը մինչև դեկտեմբերի 23-ն է։

 

Սպիտակ տունն արդեն ասել է, որ սատարում է օրինագծին և Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս շուտ ընդունել այն։

 

Օրինագիծը ներառում է 858 միլիարդ դոլարի պաշտպանական և 773 միլիարդ դոլարի ոչ պաշտպանական ծախսեր, հաղորդում է The Wall Street Journal-ը:

 

Օրենսդիր մարմնի պաշտպանական բյուջեն 10%-ով գերազանցում է այս տարվանից և գերազանցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահանջած 45 միլիարդ դոլարը: Բյուջեի ոչ պաշտպանական մասը այս ֆինանսական տարվա համեմատ ավելացել է 6%-ով:

 

Համաձայնեցված օրինագիծը ներառում է, մասնավորապես, լրացուցիչ 44,9 մլրդ դոլարի հատկացում Ուկրաինային և ԱՄՆ-ի` ՆԱՏՕ-ի գործընկերներին, ինչպես նաև 40,6 մլրդ դոլար՝ բնական աղետների հետևանքների դեմ պայքարելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ