Անհատ տաքսիստները պետք է լիցենզավորվեն․ տուգանքի չափը հայտնի է

Auroranews-ը քիչ առաջ ահազանգ ստացավ տաքսու վարորդից, որը հայտնում էր, որ քիչ առաջ պարեկային ծառայության աշխատակիցները տուգանել են իրեն 50․000 դրամի չափով՝ չլիցենզավորված տաքսի վարելու համար։ 

 

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վարորդներին  հորդորում է մինչև դեկտեմբերի 15-ը լիցենզավորվել, գալ օրենքի դաշտ, այլապես չլիցենզավորված տաքսու վարորդները կտուգանվեն: Ըստ նշված հորդորի, լիցենզավորման դաշտ գալով՝ անհատ տաքսիստները հարկային պարտավորություն չեն ունենալու, պարզապես պարտավորվելու են մեքենայի վրա տարբերանշան ունենալ ու մինիմալ արժեք փակցնել: 

 

Ընգծենք՝ չլիցենզավորված գործունեություն իրականացնելու համար 50.000 դրամ տուգանք է նախատեսված, իսկ երկրորդ, երրորդ անգամ կրկնվելու դեպքում գումարը կրկնապատկվում է: 

 

Հայաստանում տաքսի ծառայությունների մեծ մասը լիցենզավորված չէ, արդեն մի քանի տարի է անհատ տաքսու վարորդները որևէ կառույցի կողմից չեն վերահսկվում, ազատված են հարկեր ու տուրքեր վճարելուց:
 

Վարորդները պատասխանատվություն են կրում վարչական իրավախախտումների վերաբերյալ հոդվածով։ 

 

Նշենք, որ տեսչական մարմինից հայտնում են, որ տաքսիների հետ կապված այս պահին գործում է լիցենզավորման երկու կարգ. մեկն անհատ տաքսիների մասին է, մյուսը՝ մասնավոր ընկերությունների: 

 

Auroranews -ը կապ հաստատեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղից մեզ ասացին, որ վարորդները լիզենզավորման հասցեներ կարող են գտնել ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքէջում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ