Փարիզում հրաձգության հետևանքով երեք քուրդ է զոհվել

Փարիզի 10-րդ թաղամասում հրաձգության հետեւանքով երեք քուրդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում տալով քրդական համայնքի ներկայացուցիչներից մեկին։ 

 

Նշվում է, որ Փարիզի 10-րդ թաղամասում ոստիկաններով շրջափակված կրակոցների վայրում հավաքվել են մի քանի տասնյակ քրդեր: Նրանք բոլորը վանկարկում են հակաթուրքական կարգախոսներ։ Նրանց կարծիքով՝ հարձակման հետևում կանգնած է Թուրքիան։ Քրդերի մոտ են ուղարկվել ոստիկանության ուժեղացված պարեկային խմբեր։ 

 

«Հրաձգության հետևանքով երեք քուրդ է զոհվել, քրդական մշակութային կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, ոչ մի կերպ չի հսկվում, այնտեղ ցանկացած մարդ կարող էր գնալ»,- գործակալությանը տված հարցազրույցում ասել է քրդերի ներկայացուցիչներից մեկը։ 

 

Ուրբաթ օրը 69-ամյա տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասի փողոցում, նրան բերման են ենթարկել, նրա շարժառիթներն անհայտ են։ Ըստ Agence France-Presse-ի՝ նա ազգությամբ ֆրանսիացի է, որը ոստիկանությանը հայտնի է սպանության երկու փորձով՝ 2016 և 2021 թվականներին։

 

Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով երեք մարդ է մահացել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է, եւս երկուսի վիճակը միջին ծանրության է։ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել սպանության գործով։

Քաղաքականություն