Ռուս խաղաղապահների անցակետում արցախցիներին հավաստիացրել են՝ Լաչինի միջանցքը կարող է բացվել դեկտեմբերի 26-ին

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեկտեմբերի 24-ին քայլերթով դեպի Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած հարյուրավոր  արցախցիները ներկայացրել են իրենց պահանջը՝ ապահովել Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը՝ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հավաստմամբ՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը կարող է բացվել դեկտեմբերի 26-ին:

 

«Նրանք հավաստիացրին նաև, որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց հետո ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք չի կարող լինել»,- նշեց զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք՝ նախաձեռնության մասնակիցները, առայժմ  հիմք են ընդունել խաղաղապահների ներկայացուցչի հավաստիացումը:

 

Ավելի ուշ Տիգրան Պետրոսյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ուղիղ եթերով եւ նշել, որ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը զրույցի ընթացքում իրենց հայտնել է, որ դեկտեմբերի 26-ին տեղի է ունենալու բարձրագույն ղեկավարության հանդիպում, հարցը վերջնական լուծում է ստանալու ճանապարհը պետք է որ բացվի։

Քաղաքականություն

Պատահարներ