Արցախում ակցիայի մասնակիցների պատվիրակը հանդիպել է խաղաղապահների հետ

Քիչ առաջ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը համաձայնել է և հանդիպել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակին՝ Տիգրան Պետրոսյանին:

 

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը:

 

Ակցիայի նախաձեռնողը տեղեկացրել է, որ մնալու են օդանավակայանի տարածքում, մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և նրան փոխանցեն իրենց պահանջները։

 

«Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք և իրեն ասենք, որպեսզի մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան մինչև մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է»,-ասել է Տիգրան Պետրոսյանը:

 

Հիշեցնենք՝ այսօր մի խումբ արցախցիներ «Մենք ենք Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան:

 

Ինչպես տեղեկացրել են նախաձեռնողները, ակցիայի նպատակը Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումն է և իրենց իրավունքներին պահանջատեր լինելը:

Քաղաքականություն