«Եթե այնքան թույլ ենք, որ չենք կարողանում մեզ պաշտպանել, ուրեմն նորմալ է, որ պետք է փրթվենք». Առուշանյան

 «Շատ կարևոր է, որ մեր համայնքում այսուհետ Մխիթար Սպարապետի և Դավիթ Բեկի անունով փողոցներ ունենք»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

Դեկտեմբերի 25-ին Գորիսում վառեցին քաղաքի տոնածառի լույսերը եւ Մխիթար Սպարապետի ու Դավիթ Բեկի անվան փողոցների բացումը նշեցին:

«Տարեվերջին չնայած բավականին շատ էներգիա ծախսեցինք, սակայն Աստծո կամոք հասցրինք ավարտել: Այն իր մեջ ուժային մեծ սիմվոլ ունի, կարծում եմ՝ այդ հաջողությունները 200 տարի հետո  կկրկնենք»,- ասաց Առուշանյանը:

Գորիսի համայնքապետը տեղեկացրեց, որ այս պահին էլ մի քանի տասնյակ փողոցներում շինաշխատանքներ են կատարվում, իսկ Ակները Գորիսին կապող ուղիղ փողոց չկար՝ հիմա կա:
«Մենք՝ բոլորս էլ պատրաստակամ ենք՝ մեր կյանքի գնով պահպանել այն, ինչը որ մերն է, նույնիսկ ավելին՝ ազատագրել այն, ինչը պատմական Հայկական լեռնաշխարհին է պատկանում»,- շեշտեց Գորիսի համայնքապետը:

Առուշ Առուշանյանն իր խոսքում նշեց, որ այս պահին մեր քույրերն ու եղբայրներն Արցախում՝ շուրջ 120 հազար մարդ, շրջափակման մեջ են:

«Մենք պարտավոր ենք մեր կյանքի գնով մեր քույրերին եւ եղբայրներին շրջափակումից հանել եւ պայքարել, կռվել ու պարել այդտեղ»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Արցախի բլոկադայի հետեւանքով Գորիսում ապաստանած արցախցիների հարցին՝ Առուշանյանը նշեց, որ նրանց թիվը գրեթե հազարից ավելի է, մարդիկ բարեկամների տներում են ապաստանել եւ Գորիսում դեկտեմբերի 25-ի միջոցառումներին են մասնակցում։ Բացի այդ, որոշվել է, որ հենց արցախցի երեխաները պետք է վառեն տոնածառի լույսերը:

«Եթե թշնամու մի փամփուշտին մենք հարյուր փամփուշտով չպատասխանենք, խնդիրն այդպես չլուծենք, դա բնության օրենքն է, մենք չենք կարող բնության մեջ օրենքներ փոխել: Ուժեղները պետք է ապրեն, թույլերը պետք է վերանան, եւ եթե մենք այնքան թույլ ազգ ենք դարձել, որ չենք կարողանում մենք՝ ինքներս մեզ պաշտպանել, ուրեմն նորմալ է, որ պետք է փրթվենք: Պետք է հասկանանք, որ պետք է զենք վերցնենք ու կռվենք մինչեւ վերջ, պետք է վերջ դնենք այդ վախկոտ երեւույթներին, որ երեխաներին տեղափոխենք այստեղ, այն քաղաք եւ այլն։ Մենք բարոյական իրավունք չունենք ապրելու, եթե չպայքարենք մեր հայրենիքի համար»,- շեշտեց Առուշանյանը:

Հիշեցնենք, որ այս պահին էլ Գորիսում ապաստանել է Արցախ այդպես էլ չհասած մոտ 60 երեխա, որոնցից 40-ն առանց ծնողական խնամքի է մնացել՝ նրանց ծնողները բարիկադներից այն կողմում են՝ բլոկադայի ենթարկված Արցախում: Գորիսի համայնքապետարանը հոգում է բոլոր 60 երեխաների կարիքները, նրանց ապահովում անհրաժեշտ բոլոր պարագաներով, հետաքրքիր ժամանցով, քանի դեռ միջանցքը փակ է, եւ նրանք տուն վերադառնալու հնարավորություն չունեն։

 

Քաղաքականություն

Պատահարներ