Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն անընդունելի է. Բայրամով

Ադրբեջանն անընդունելի է համարում Ռուսաստանի՝ Արցախի կարգավիճակը ապագայի համար թողնելու առաջարկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղակացնում են տեղի լրատվամիջոցները:

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել հետագա տարիների համար։ Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ այս առաջարկը մեզ համար անընդունելի է»,- ասել է ագրեսոր երկրի նախարարը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի արտգործնախարար Սերգե Լավրովն ասել է, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և դրանից հետո անհիմն են մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից: Նա ընդգծել է` դեռևս տասը տարի առաջ է Մոսկվան առաջարկել կարգավիճակի հարցը թողնել ապագային:

 Լավրովը պնդել է, թե այս մոտեցումը կենսունակ է եղել նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո` Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում: Հենց այդ հիմքով էլ, ըստ Լավրովի, Մոսկվան կարգավիճակի առկախման կետը ներառել է խաղաղության պայմանագրի իր տարբերակում, որն այս գարնանը ներկայացվել է կողմերին: Բաքուն այդ ժամանակ պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցը, իսկ Պրահայում ստորագրված փաստաթղթից հետո` Սոչիում արդեն` մերժել:

«Սոչիում հոկտեմբերի վերջին մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ առաջ գնալ այն ջենթլմենական համաձայնության հիման վրա, ըստ որի պետք է բոլոր հարցերը կարգավորել, իսկ կարգավիճակը թողնել հետոյին: Բայց երբ նրանք եկան Սոչի, Փաշինյանն ու Ալիևը Պրահայից բերեցին այդ փաստաթուղթը, որում ասվում էր, որ նրանք ուզում են խաղաղության պայմանագիր կնքել` ՄԱԿ֊ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն», - նշել էր Լավրովը:

 

Քաղաքականություն

Պատահարներ