Ինտերնետի արգելափակում ենթադրող օրինագիծը շատ վտանգավոր է. Սամվել Մարտիրոսյան

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը կառավարությունը դրել է շրջանառության մեջ, չի քննարկվել, հանրային քննարկումներ չեն եղել, չնայած շատ կարեւոր նախագիծ է: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

 

«Մյուս հարցն այն է, որ սա ստեղծում է ճնշող մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս կայքերի կամ հավելվածների արգելափակումներ իրականացնել կամ ամբողջությամբ արգելափակել ինտերնետը, մամուլին պարտադրել հանձնել տեխնիկան: Այսինքն բավականին կոշտ միջոցներ են, բայց պարզ չէ, թե ով է որոշում կայացնողը, ով է պատասխանատուն, ինչի հիման վրա է այս ամենն արվելու: Սա մանիպուլյացիաների, սխալների շատ լայն դաշտ է ստեղծում, կամ թիրախային օգտագործման հնարավորություն է ստեղծում քաղաքական պատժի համատեքստում եւ այլն»,-ասել է նա:

 

Փորձագետը հիշեցրել է, որ մենք արդեն ունենք փորձը, երբ պաշտոնական տեղեկատվությունը խեղաթյուրվել է. «Ունենք փորձը արգելափակումների, որոնք հիմա էլ արվում են: Շատերը չգիտեն, բայց ադրբեջանական լրատվականներ կան, որոնք այստեղ արգելափակվում են: Ընդ որում՝ չկա ոչ արտակարգ դրություն, ոչ ռազմական դրություն, դա փաստացի արվում է օրենքի խախտումով:

Ես այստեղ չեմ քննարկում՝ լավ են անում, թե ոչ: Հարցն այն է, որ պետական կառույցները օգտագործում են մեխանիզմներ՝ շրջանցելով օրենքը: Հիմա եթե օրենք էլ լինի, դժվար է պատկերացնել, թե որքան ավելի վատ կարող է լինել խախտումների տեսանկյունից: Վատն այն է, որ քաղհասարակությունն էլ շատ չի խոսում դրա մասին, այսինքն զսպող մեխանիզմներ չկան: Դա բնականաբար, ավելի է մտահոգություններ առաջացնում: Քաղհասարակության կողմից բալանսի բացակայությունը պարարտ հող է ստեղծում, որ մենք ժողովրդավարությունից լողանք դեպի հակառակ կողմը»,-ընդգծել է Սամվել Մարտիրոսյանը:

Քաղաքականություն